Arsen Arzumanyan

Տըրգու Մուրեշի «հայկական» ձեռնոցները. հարցազրույց ԿԱՐԵՆ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page
Կարեն Սեյրանյան, 2007թ․

Կարեն Սեյրանյանը ծնվել է 1968թ., Երևանում։ 1990-ական թթ. տեղափոխվել է Ռումինիա և հաստատվել Տրանսիլվանիայի սրտում գտնվող Տըրգու Մուրեշ քաղաքում, որտեղ սկսել է զբաղվել կաշվե ձեռնոցների արտադրությամբ։ Գործարանը երկար տարիներ որակյալ ձեռնոցներ է մատակարարել ոչ միայն ռումինացի, այլև հատկապես արտասահմանցի հաճախորդներին։ Ի հեճուկս կորոնավիրուսային համավարակով պայմանավորված տնտեսական դժվարությունների՝ այսօր նույնպես պատվերների պակաս չի զգացվում. Կարենը հիմնականում զբաղվում է կաշվի առևտրով, իսկ ձեռնոցների և այլ պարագաների արտադրությամբ զբաղվում է Կարենի եղբոր կինը՝ Լիլիթը, որը տարիներ շարունակ մասնակցել է ռումինական, հայկական և այլ փառատոնների՝ ներկայանալով ինքնատիպ ձեռագործ աշխատանքներով։

– Սիրելի Կարեն, ինչպե՞ս որոշեցիր մեկնել Ռումինիա և հաստատվել այնտեղ։

– 1991թ. Հայաստանի և Ռումինիայի նոր ձևավորվող շուկաներում լայն հնարավորություններ բացվեցին, և Երևանի իմ ընկերներն առաջարկեցին կոշիկ արտահանել Ռումինիա, որի նպատակով ժամանեցի Կոնստանցա՝ կարճ ժամանակում գործն ավարտելու և վերադառնալու մտադրությամբ։ Ռումինիայում գտնվելու ընթացքում հանգամանքների բերումով կապ հաստատեցի ռուս գործարարների հետ, որոնք Տըրգու Մուրեշ քաղաքից ձեռնոցներ էին ներմուծում Ռուսաստան։ Ինքս ներգրավվեցի այդ գործում և շուտով հաջողեցի մեկ օրվա ընթացքում շուրջ 7000 դոլարի ձեռնոց վաճառել, որից հետո մտածեցի, որ սա իմ տեղն է, և առայժմ պետք է շարունակել սկսած գործը։

– Պատմիր, խնդրեմ, այս բնագավառում քո ավելի քան 25-ամյա փորձից։

– Ռումինիա ժամանելուց մի քանի տարի անց աշխատեցի ռումինացի գործընկերոջս՝ Դորին Հումըի ձեռնոցի գործարանում, սակայն 1998թ. մեր հիմնական շուկա Ռուսաստանում դեֆոլտ եղավ, որի պատճառով շուրջ 1.7 միլիոն դոլար կորցրինք։ Ռումինական և արտասահմանյան շուկան ուսումնասիրելուց հետո ես, եղբայրս՝ Ավետիքը, և քրոջս ամուսինը՝ Գրիգորը, որոնք նույնպես արդեն տեղափոխվել էին Ռումինիա, հիմնեցինք «Goldox» ընկերությունը, որը մեծ հաջողությամբ ձեռնոցներ արտադրեց մինչև 2008թ. տնտեսական ճգնաժամը, որին հաջորդեց «Glamour Art» ընկերությունը՝ գործունեություն ծավալելով մինչև 2014թ., երբ Ղրիմի հետ կապված հակամարտության հետևանքով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով ֆինանսական խնդիրներ ունեցանք։ Չնայած ձեռնոցներ վաճառում էինք ինչպես Ռումինիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում՝ մեր հիմնական շուկան Ռուսաստանն էր։ Նշեմ նաև, որ երկու տարի շարունակ ձեռնոցներ ենք մատակարարել նաև Հայկական բանակի սպայական անձնակազմին։ Այսօր ես ավելի շատ կենտրոնացած եմ կաշվի առևտրի վրա, իսկ բուն ձեռնոցների արտադրանքով և վաճառքով զբաղվում է Լիլիթը։

– Ինչո՞վ են ձեր ձեռնոցները գրավում այդ արտադրանքի հսկայական շուկայում։

– Առաջին հերթին ընդգծեմ օգտագործվող կաշվի բարձր որակը։ Նախկինում մենք ներմուծում էինք կաշին Եթովպիայից, իսկ այժմ՝ Իտալիայից, ընդ որում՝ հիմնականում օգտագործում ենք ոչխարի և եղնիկի կաշի։ Նշեմ, որ Ռումինիան հայտնի է իր բարձր որակի ձեռնոցներով, քանի որ, ի տարբերություն աշխարհի բազմաթիվ ընկերությունների, այստեղ ձեռագործ ձեռնոցները շատ են։ Նաև ուրախ եմ, որ ամուր համագործակցություն եմ հաստատել Ռումինիայի ներսում. օրինակ, մեր ձեռնոցներն իրենց տեղն ունեն հայտնի դիզայներ Կըտըլին Բոտեզատուի հավաքածուում, ինչպես նաև վաճառվում են «Il Passo» խանութների ցանցում և այլն։

– Շուրջ 30 տարի է, ինչ տեղափոխվել ես Տըրգու Մուրեշ, ու երևի քեզ արդեն «բնիկ» ես զգում այնտեղ։

– Իսկապես, Տըրգու Մուրեշն ինձ համար շատ հարազատ վայր է, որն իր շրջակա բազմաթիվ սարերով և բլուրներով հիշեցնում է Հայաստանը։ Բացի այդ, շատ հաճելի է այն փաստը, որ մեր և հարևան մարզերում բազմաթիվ հայկական հետքեր կան։ Ընդհանուր առմամբ, Մուրեշը բազմազգ մարզ է, իսկ ես հրաշալի հարաբերություններ ունեմ նրանց բոլորի հետ։

Լիլիթ Սեյրանյան

Հ.Գ. Ներկայում ձեռնոցների և այլ ձեռագործ աշխատանքների վաճառքով զբաղվող Լիլիթ Սեյրանյանը նշում է, որ բոլոր ապրանքները, չնայած բարձր որակին, ընդհանուր առմամբ միջին գների են. «Այս տարի բացված մեր արհեստանոցում «Strixart accesories» ապրանքանիշի ներքո արտադրում ենք ձեռնոցներ, դրամապանակներ, փոքր պայուսակներ, կանանց և տղամարդկանց համար տարբեր աքսեսուարներ։ Աշխատում եմ ինչպես Ռումինիայի, այնպես էլ արտասահմանյան շուկաների հետ՝ ԱՄՆ, Չինաստան, Գերմանիա, Ավստրալիա, Ռուսաստան և այլն։ Մեր առավելությունն այն է, որ շատ դեպքերում շեշտը դնում ենք անհատականացված ձեռնոցի կամ այլ արտադրանքի պատվերների վրա, այսինքն հաճախորդն ինքն է ընտրում գույնը, ձևը և այլն, որի վրա, ըստ ցանկության, կարող ենք պատկերել հաճախորդի անուն-ազգանվան առաջին տառերը։ Այդպիսի ձեռնոցը, պայուսակը կամ դրամապանակը, հասկանալի է, եզակի են և ավելի գրավիչ։ Մեր կայքը վերջնական ձևավորման փուլում է (https://strixartaccessories.com/shop/), իսկ տեսականին դիտելու համար կարող եք այցելել մեր ֆեյսբուքյան էջը՝ https://www.facebook.com/StrixArtJewelry»։

Արսեն ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *