Իվան Անտոնյան․ «Կուզենայի մարդը մարդու հետ հարաբերվելու ձևը փոխեր»
«Եթե մենք կորցնենք մեր ազգայինը, ապա կկորցնենք նաև մեր դեմքը, մեր ասելիքը, որը կործանման կտանի։ Պիտի միանշանակ տեր կանգնենք մեր արմատներին և կարծում եմ, որ մեր սերունդն այլևս այլ անելիք չպետք է ունենա պատմության վերարթնացումից, արժեքների պահպանումից բացի»,- մտահոգված նշում է արվեստագետ Իվան Անտոնյանը։
– Ինչո՞ւ հենց Սոս Սարգսյանը… Ինչո՞ւ ընտրեցիք հենց մեր լեգենդին՝ որպես ձեր գրքի հերոս: Չէ՞ որ հանդիպել եք նաև այլ հայ մեծերի հետ:
– Տարիներ առաջ մեր Սոս Սարգսյանը հրավիրված էր Վանաձոր՝ Հովհաննես Աբելյանի անունը կրող թատրոնում նշելու նրա 80-ամյա փառահեղ հոբելյանը: Այն ժամանակ մենք ուսանում էինք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և տնօրենը՝ ՀՀ Ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հակոբ Ազիզյանը, մեզ՝ ուսանողներիս, տարավ հոբելյանական հանդիսույթ-բեմականացմանը մասնակցելու: Յուրաքանչյուրս ներկայանում էինք Սոս Սարգսյանի՝ ֆիլմերում խաղացած դերերից մեկով: Ինձ բաժին էր ընկել միլիցիայի լեյտենանտը Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք մեր սարերը» ֆիլմից: Եվ այսպես… հերթով շարվեցինք բեմառջևում: Հանդիսությունը հրաշալի անցավ: Այնուհետև ներկաները շտապում էին բարձրանալ բեմ, որպեսզի վարպետի հետ նկարվեին: Ես էլ եղբորս՝ Արկադիի հետ շտապեցի դեպի Սոս Սարգսյանի մոտ: Այդ հոծ բազմության մեջ, գուցե բարեբախտության հրամանով էր, նկատեց ինձ ու՝ «Հըը, էտ ինչի ես շտապում: Գիրք ե՞ս անելու» լեգենդի հարցին միանգամից հետևեց իմ զարմանալի կտրուկ պատասխանը՝ «Այո»:
Մեր միասին լուսանկարն ինձ մշտապես հաջողություն է բերել: Այսպես ճիշտ եմ համարում ասել, քանի որ այն տպագրվել է «Մաշտոց» հայագիտական հանդեսում, «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում, «Լոռու մարզ» մարզային լրագրում և հիմա էլ նկարը գրքիս շապիկին է տեղադրված, որի հեղինակը Վահան Աբրահամյանն է:
– Հետաքրքիր նախապատմություն է: Հավանաբար հաճախ եք մտաբերում այն, հատկապես բարդ իրավիճակներում:
– Իրականում այն ինձ համար մի խթան էր, որ Սոս Սարգսյան մեծ հային նվիրված գիրք պատրաստեմ: Եվ հետո, գուցե առիթ լինի, որ մյուսներին էլ անդրադառնամ: Չնայած, որ այդ հարցում անմասն չեմ եղել իմ ապրած տարիների ընթացքում: Ընդհանուր առմամբ, հանդեսի յուրաքանչյուր համար նվիրել եմ հայ ազգի մեծերից մեկին. Արտավազդ Փելեշյան, Տիգրան Մանսուրյան, Ռուբեն Մաթևոսյան, Հակոբ Ազիզյան, Վանդոս Ղարագյոզյան, Վահագն Մուղնեցյան, Էդվարդ Խլղաթյան և այլք:
– Այժմ ի՞նչի վրա եք աշխատում:
Հիմա աշխատում ենք Արկադի Տեր-Թադևոսյանին նվիրված հանդեսի վրա։ Ուզում եմ խոնարհումով նշել, որ հանդեսի մեկ համար էլ նվիրել ենք պաշտելի Մայրիկիս՝ վաստակաշատ մանկավարժ, «Արվեստագետ» հանդեսի կնքամայր Անահիտ Դավթյանին։
Ցանկացած մեծի անդրադառնալու գործում մեծ ճիգ ու ջանքեր են պահանջվում։ Ժամանակ, որն ամենաթանկն է մարդ-արարածի համար։ Ամեն մի գործին նախևառաջ նվիրվել է պետք, իսկ ինչ վերաբերում է ազգայինի պահպանմանը, պիտի ասեմ, որ ազգային մտածելակերպը, գաղափարախոսությունը պետք է միանշանակ առաջնային դիրքերում լինեն ցանկացած բնագավառում։ Այստեղ մեջբերելու եմ մեր հայոց լեգենդի՝ Սոս Սարգսյանի խորիմաստ խոսքը. «Եթե ազգային չես, ի՞նչ ես, անունդ ի՞նչ է…»։
– Պարոն Անտոնյան, Դուք ձեր իսկ ստեղծած «Հայ Անտառ» ամսագրի խմբագիրն եք։ Հետաքրքիր է՝ ո՞րն է այս գործի գլխավոր դժվարությունը այս արագընթաց և մրցակցային կյանքի ռիթմի ներքո:
– ՀՀ շրջակա միջավայրի «Հայանտառ» բնագիտական, բնապահպանական պարբերականը և «Արվեստագետ» կրթամշակութային հանդեսը ստեղծել ենք իմ համախոհ արվեստագետների ու մշակույթի նվիրյալ մարդկանց հետ:
Նախքան խմբագրելը հավաքում, ամբողջացնում ենք նյութերը, դրանք տեղադրում էջերում ըստ հաջորդականության և խորագրերին համահունչ: Մեծ մասով դժվարություն այդքան էլ չի լինում, քանի որ գործին տիրապետող մարդիկ են իմ կողքին: Իսկ ինչ վերաբերում է արդի արագընթաց ժամանակաշրջանին, պիտի ասեմ, որ փորձում ենք և՛ «Արվեստագետ»-ը, և՛ «Հայանտառը» ներկայացնել ժամանակի շնչով, ժամանակաշրջանին համահունչ: Այդ առումով կարևոր է նաև գործին նվիրվելն ու այն ճիշտ ներկայացնել հանրությանը, որը կարծում եմ ստացվել է մեզ մոտ և որի համար շնորհակալ եմ իմ համախոհներին:
– Կարծում եք այսօր հասարակությունը մեր մեծերին պատշա՞ճ է հիշում, արդյո՞ք պահպանում է նրանց արժեքավոր անցյալի պատմական դրվագները, ստեղծածը:
– Գիտես, ժամանակը, պատմությունը փոփոխման ու փոփոխականության հատկություն ունեն, դարերի պոետ Չարենցն ասում էր. «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր»։ Բանականության մասին է ասել: Դեմ չենք, սակայն մեր օրերում ազգայինը, չգիտես ինչու, հետին պլան են ուզում մղել, որն ամենից կարևորն է մեր գենի պահպանության համար։
– Այսօր շատերը պնդում են, որ առաջ է պետք նայել՝ առանց հետ նայելու: Եվ ի՞նչ հայի գե՜ն…
– Այսօր որոշ պաշտոնյաներ տուրք են տալիս եվրոպականին, որն անդառնալի երևույթների առաջ է մեզ կանգնեցրել: Պետք է սթափվենք և ապավինենք մեր ազգայինին, ուրիշ ճանապարհ չունենք։ Միայն այդպես կհասնենք հաջողությունների՝ մշակույթի, կրթության, գիտության, տեխնիկայի և այլ կարևոր բնագավառներում։ Իշխանությունը նախևառաջ պետք է հարգանքով վերաբերվի ուսուցչին, հողի մշակին։ Չէ՞ որ այդ մարդիկ են մեր ապագայի կերտողները, սերունդներին կրթողները։ Ուսուցիչն օժտված է Աստծո տված բացառիկ առաքելությամբ, իսկ կառուցող բանվորը շեն ու տանիք պարգևում մեզ։ Պատկերացնո՞ւմ եք…
Մարդուն կյանքի ճանապարհն ուղղորդողը, մաշտոցյան Այբն ու Բենը սնուցողը ուսուցիչն է։ Մենք հաճախ ենք խոսում մեր կրթությունից ու գիտությունից, որով ցավոք շատ քիչ ենք զբաղվում։ Խոսելու փոխարեն պիտի գործենք, շատ աշխատենք, արդյունքը միանշանակ գործելու մեջ է երևում։ Ամենայն Հայոց Բանաստեղծը կասեր. «Գործն է անմահ…»։
– Չեմ կարող չհամաձայնել: Որքան տեղյակ եմ, Սոս Սարգսյանի մասին բեմադրություն եք ուզում կազմակերպել թատրոնում: Ստացվո՞ւմ է:
– Կա նման նախաձեռնություն, որը գրքի տպվելուց հետո որոշեցի։ Անմիջականորեն կապվել եմ նաև Սոս Սարգսյանի հետ գրքի ստեղծման ամբողջ ընթացքում։ Նա ինձ շատ օգնեց, որ գիրքը լույս աշխարհ գա։ Սկզբունքորեն ճիշտ է, որ գրքի շնորհանդես-բեմադրությունն անենք հենց Սոս Սարգսյանի ստեղծած համազգային թատրոնում։ Սակայն թույլ չեն տալիս, որ այնտեղ բեմադրենք։
– Հետաքրքիր է, թե ինչու…
– Ասեմ, որ շատ ու շատ ոլորտի նվիրյալների ու վաստակաշատ մարդկանց հետ եմ խոսել, խորհրդակցել այդ առումով։ Բայց, միևնույն է, մեծն արվեստագետի անունը կրող թատրոնում թույլ չտվեցին:
– Պարզ է: Ամեն դեպքում, ի՞նչ կփոխեիք Հայաստանում և սովորական հայի կյանքում:
– Հայաստան աշխարհում կուզենայի փոխվեր մարդը մարդու հետ հարաբերվելու ձևն ու կարգը։ Միմյանց հետ վարվեն այնպես, ինչպես վայել է քաղաքակիրթ, դաստիարակված մարդուն։ Կարծում եմ՝ ամեն բան այդտեղից է սկսվում։ Սա է մեր օրվա գործողությունների ակունքը։ Մեծերից մեկը պատահական չի ասում. «Տվեք ինձ հենման կետ, և ես աշխարհը կգրավեմ»։ Հայի կյանքում և, առհասարակ, դա պիտի գերակշռի՝ վեր հանելով ազգայինը և ապրել ու շարժվել դրանով։ Սա է մեր հաղթանակի հասնելու գրավականը։
Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ
ՀԳ․ «Կատարված գործը մարդն է». Արվեստագետ, թերթի խմբագիր, կրթամշակութային կենտրոնի նախագահ Իվան Անտոնյանի գիրքը լույս է տեսել 2017 թվականին: Այն բաղկացած է նաև հուշագրություններից: Գրքի 2-րդ մասում նաև հեղինակի ուսուցչի ձեռագրերն են: Իսկ Սոս Սարգսյանի մասին «Համազգային Արտիստը» գիրքը լույս է տեսել 2021 թվականին: