Գևորգ Շատոյան. «Երջանիկ լինելու համար մարդը պետք է բավարարված զգա»
![](http://www.araratonline.com/arm/wp-content/uploads/2020/04/Ararat-1-300x300-1.jpg)
Մինչ մարդու առողջությանը սպառնացող թագավարակի խնդրի մեղմացնելն ու վարակի տարածման կանգնեցնելը, որոշեցինք ներկայացնել թեթև ու օգտակար թեմա նորաձևության մասին, որն իր կիրառելիության շրջանակները կընդլայնի այս համաշխարհային տնտեսա–առողջապահական ճգնաժամը հաղթահարելուց հետո:
«Արարատ» ամսագիրը ներկայացնում է բազմաթիվ հավաքածուների հեղինակ, հալեպահայ մոդելավորող Գևորգ Շատոյանի հետ հարցազրույցը, որն իր հայկական տարազի հագուստներն է ցուցադրում աշխարհի տարբեր երկրներում:
– Ձեր աշխատանքները բացառապես տարազներին չեն նվիրված, այլ նաև ժամանակակից՝ կոկտելային և երեկոյան զգեստներին, այդպե՞ս է:
– Ճիշտ այդպես: Երբ առաջին անգամ եկա Հայաստան, 2002 թվականն էր: Այստեղ գալու նպատակս նորաձևության մեջ խորանալն ու այս ծով-ասպարեզում բազմաթիվ նորարություններ բացահայտելն էր, այսինքն՝ երեկոյան ու հարսանյաց զգեստներ պատրաստելու հարցում պրպտումներ անել, հայկական տարազների պատմությունը յուրացնել և զանազան գույների, զարդանախշերի մասին ավելին իմանալ ու դրանք նորաձևության մեջ կիրառել: Տարազներ պատրաստում եմ առիթների ժամանակ, իսկ հավաքածուներս նվիրված են հիմնականում երեկոյան զգեստներին, որոնք սեզոնային են: Պատրաստում եմ նաև այլ պարագաներ, օրինակ՝ պայուսակներ, հացամաններ, բրդի վրա արված շարֆեր և այլն:
![](http://www.araratonline.com/arm/wp-content/uploads/2020/04/Ar23.jpg)
– Երբ ուսումնասիրեցիք հայաստանյան նորաձևության շուկան, ի՞նչ հասկացաք:
– 2002 թվականին Հայաստանում նորաձևությունը շատ տխուր վիճակում էր: Նույնիսկ աշակերտները ուսումն ավարտելիս ամբողջովին պատրաստ չէին այս բնագավառում աշխատելու համար: Բայց տարիներ անց նորաձևությունը զարգացավ նաև ՀՀ-ում, թեպետ Վրաստանը այդ մրցավազքում մեզանից առաջ է:
– Գուցե խնդիրն այն է, որ կրթությունը չի համապատասխանում շուկայի պահանջարկին:
– Այո, բայց փորձը ցանկացած ոլորտում շատ կարևոր է: Նորաձևությունը բացառություն չէ: Որքան էլ ուսուցիչը տա, միևնույն է՝ պետք է ինքնուրույն կատարելագործվել: Շրջանավարտը պետք է փորձ ձեռք բերի դիզայներների մոտ շատ աշխատելով կամ սեփական միջոցներով՝ այդ կերպ ամբողջացնելով փորձն ու կրթությունը, քանի որ նորաձևության մեջ միշտ սովորելու բան կա:
Հայաստանում շատ բան սովորեցի հատկապես միջազգային տարազների պատմությունից՝ տարազաբանների, պատմաբանների և դասախոսների հետ գավառներում և թանգարաններում հատուկ աշխատանքներ կատարելիս: Մի քանի տարի անց էլ որոշեցի դիպլոմայինս գրել՝ հավաքածուն կոչելով «Հայկական հարսանիքն այսօր», որտեղ տարազները ներկայացված էին ավելի ժամանակակից ոճով:
![](http://www.araratonline.com/arm/wp-content/uploads/2020/04/Ar55.jpg)
– Ինչո՞ւ հենց տարազներ:
– Բեյրութում միջազգային փառատոն էր կազմակերպված, որտեղ աշակերտները պետք է ցուցադրեին իրենց աշխատանքները: Տնօրենն ինձ հորդորեց մասնակցել որպես սիրիահայ՝ ներկայացնելով սիրիական կամ հայկական տարազը: Բայց այդ ժամանակ գաղափար անգամ չունեի տարազներից: Փորձեցի ներշնչվել տարազին նվիրված մի գրքից և այդկերպ կարողացա ներկայանալ փառատոնին: Այդ օրվանից ինձ խոստացա, որ մի գեղեցիկ օր անպայման այդ ճյուղով կզբաղվեմ, իսկ 2002 թվականին, գալով Հայաստան, սկսեցի այն իրականություն դարձնել:
Ինձ բախտ վիճակվեց փորձ ձեռք բերել անվանի դիզայներների մոտ: Իսկ իմ հագուստներն ու հավաքածուները կրել են տարբեր ոլորտների ճանաչված անձինք, որոնք կիսվել են իրենց սոցիալական էջերում՝ #Armenian Genocide և իմ անվան հաշթագների ներքո, ինչը մեծ պատիվ է ինձ համար:
– Հետաքրքիր է, մոլերում վաճառվող հավաքածուները ճաշակ թելադրո՞ւմ են, թե՞ ոչ:
– Տեսեք, դա ռազմավարական հարց է: Ոմանք արտադրում են հագուստներ, որպեսզի շատ վաճառեն, մյուսներն էլ ստեղծում են քիչ վաճառվող արվեստի գլուխգործոցներ: Բիզնեսի տեսանկյունից առաջին տարբերակն է ճիշտ, իսկ երկրորդն արդարացնում է այն ժամանակ, երբ ուզում ես բրենդդ ասելիք ունենա և հասարակության մեջ մի բան փոխի: Երկու տարբերակն էլ պետք է կիրառել, քանի որ եթե միայն արվեստ ստեղծես, այն կմնա քո ուսերին և, կարծում եմ, դա խելացի չէ: Միայն Հայաստանի համար հագուստներ արտադրելը հեռանկար չունի: Բացի այդ, օտար ապրանքանիշներն այստեղ շատ են, իսկ հայկական շուկան փոքր է:
![](http://www.araratonline.com/arm/wp-content/uploads/2020/04/Ar77.jpg)
– Բացի ՀՀ-ից, որտե՞ղ եք ներկայացնում Ձեր հավաքածուները:
– Ցուցադրություններ ունեցել եմ տարբեր երկրներում, այդ թվում նաև ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Չինաստանում, Մոսկվայում, Փարիզում և Հայաստանում: Օրինակ, Չինաստանում կազմակերպված հսկա միջոցառման՝ Harbin Fashion Week-ի ժամանակ հրավիրվել եմ երեք անգամ, Լոս Անջելեսում «Ոսկե աշունը Հայաստանում» միջոցառմանը ներկայացրել եմ ոսկեգույն հագուստներով աշխատանքներս, իսկ Սաուդյան Արաբիայի իշխանուհու համար ամուսնական օժիտի պատվերն եմ կատարել:
– Հայաստանում հնարավո՞ր է ունենալ այդօրինակ միջոցառումներ:
– Միանշանակ ոչ, քանի որ այդպիսի հսկա ծախսեր այստեղ հնարավոր չէ անել:
– Դեռ առողջապահության ոլորտն ունի բազմաթիվ անելիքներ, ինչը մարդու կյանքի համար առաջնային է:
– Այո, բայց ամեն ինչն էլ կարևոր է:
– Եվ վերջում. ի՞նչ է անհրաժեշտ հային երջանիկ լինելու համար:
– Միշտ բավարարված զգա իրեն և գոհ լինի իր արածից: Ամեն օր արթնանալիս՝ երեկվա համար փառք տա Աստծուն և ինքն իրեն ասի, որ նոր օրը սկսվեց ու անելու բան ունի: Այդ ժամանակ երջանիկ կլինի:
Ելենա Չոբանյան
![](http://www.araratonline.com/arm/wp-content/uploads/2020/04/Ar88.jpg)