Կոմիտասը՝ Սիրունիին աչքերով

Արարատ Հրատարակչությունը վերջերս ռումաներենով լույս ընծայեց Հ. Ճ. Սիրունիի Կոմիտասի հետ (Cu Komitas) գիրքը, որը կավարտե մեծ երաժշտագետին նվիրված եռագրություն մը, կազմված՝ անոր ծննդյան 150-ամյակին լրացման առթիվ: Մյուս հատորներն են կենսագրության ու վկայագրություններու գիրք մը՝ Կոմիտաս – նույն նյութով տարբերակներ (Komitas – temă cu variațiuni) ու Ռիտա Սուլահյան Գույումճյանի Խելագարության ակունքներում. Կոմիտաս՝ հայ կուռքի դիմանկարը (Arheologia unei demențe: Komitas, portretul unui idol armean) հոգեբանական ուսումնասիրությունը: Նոր հրատարակությունը փաստորեն կընդգրկե 1965-1969 տարիներուն՝ «Էջմիածին» ամսագրին մեջ պարբերաբար լույս տեսած հոդվածներ, զորս գրած էր ռումանահայ նշանավոր պատմաբան, արևելագետ, միջազգային համբավի տեր՝ Հակոբ Ճոլոլյան Սիրունին (1880-1973), Ռումանիո Արևելագիտության ընկերության պատվո նախագահ: Ուրեմն, առաջին անգամն է, որ այդ հոդվածները հատորի մը մեջ համախմբված կհրատարակվին և այժմ, նույն հատորին մեջ, անոնց կավելնա երաժշտագետին ժամանակագրական կենսագրությունը: Կրնա անհարմար թվիլ, որ հրատարակությունը կազմողն է, ան որ կմեկնաբանե իր իսկ կատարած գործը: Սակայն, այստեղ ո’չ թարգմանիչը/խմբագիրը, ոչ ալ նույնիսկ հեղինակը կարևոր են, այլ կարևոր է գրքին գլխավոր անձը, որն անգամ մը ևս և երբեք բավարարորեն արժանի է ենթադրյալ ընթերցողներուն վերհիշեցնել: Հատկապես երկու երևույթներ կցանկանամ հակիրճորեն բացահայտել այս քանի մը տողով. ինչու Կոմիտասը մեծ է և ինչու խելագարվեցավ ինք:

Եթե կա հայ անձնավորություն մը, որու մասին իմացած ըլլա ոևէ հայ, անտարակույս ան Կոմիտասն է: Իսկ աս կպարտի այն բանին, որ ինք իրապես բացառիկ մտավորական մը եղած է: Իբր փոքր երեխա որբ մնացած, բացառապես թրքախոս, բայց սքանչելի ձայնով մը օժտված, ճեմարանի սան դառնալով, Կոմիտաս – հայերենը և հայ մշակույթի էական տարրերը արագորեն յուրացնելեն հետո – ունեցավ հայ ժողովրդային երաժշտության ակունքները և առանձնահատկություններն ըմբռնելու ոչ միայն փափագը և մտազբաղումը, այլ նաև ձիրքըը և հմտությունը, ուսումնասիրելով ու վերլուծելով զանոնք: Ան համանվագներ չէ հորինած, օփերաներ չէ ստեղծած (բացառությամբ անկատար մնացած երկու փորձերու), միայն դաշնակի, ջութակի և ձայնի համար փոքր գործեր գրած է: Ի փոխարեն, հայ երգը զտած է օտար ազդեցություններե և անտեղի միջամտություններե, անոր իսկությունով միասին վերադարձնելով զայն ստեղծագործողներուն: Ինք իսկ ստեղծած է ժողովրդական ոճով և իր սեփական ու իր վերակազմած երգերն տարածած է իր հիմնադրած՝ մեծ երգչախումբերու միջոցով, զորս կյանքի կոչած է նվագավարի ստույգ տաղանդով: Եղած է թե’ ստեղծագործող և թե տեսաբան երաժշտագետ, հայ ժողովրդական երաժշտության վերլուծաբան, իբր հեղինակավոր անձնավորություն ճանչցված՝ միջազգային մասնագիտական ատյաններու կողմե, որոնք իրեն գնահատեցին ու որդեգրեցին իր բազմագիտակության ու բանիմացության շնորհիվ:
Քանի անգամ է, որ Ցեղասպանության մասին կխոսինք, իբրև անոր զոհ գացած մտավորականներ կհիշենք նախ և առաջ գրողներ Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Սիամանթո, Ռուբեն Սևակը: Կկարծեմ, սակայն, որ մեծագույն կորուստը, զոր հայ մշակույթն այդ աննախադեպ ջարդին ընթացքին կրեց, եղավ Կոմիտասին անհետացումը, և ոչ մարմնային անհետացումը, քանի որ իրեն չսպանեցին և ինք վերապրեցավ աքսորեն հետո, այլ իր ոգեկան անհետացումը, երբ, գրեթե երկու տասնամյակներ այդ արարքներեն հետո, խանգարված մտքով, այլևս անկարող եղավ ստեղծել, աշխատիլ, որպեսզի այդպիսով շարունակեր այդ պատճառով անկատար մնացած իր գործը: Եվ մեծագույն կորուստն է, որովհետև Կոմիտասին գործունեությունը, որը կոչված էր վերականգնել և արժեքավորել հայ երգն ու ժողովրդական երաժշտությունը, հայ ազգին համար գլխավոր կարևորություն մը ունեցավ, մինչև օրերս աննախընթաց և անհավասար մնալով:
Երաժշտագետին ոգեկան անկման պատճառները՝ եթե ոչ անհայտ, համենայնդեպս բարդ են: Պետք է նկատի ունենալ, որ երեխա մը, որը վաղ տարիքեն ծնողազուրկ եղավ, ուրեմն անոնց հոգատարությունն ու սերը չվայելեց, անխուսափելիորեն հոգեկան առումով իր որբության կարգավիճակի կնիքով դրոշմված պիտի ըլլա: Ճեմարանի և պատրիարքարանի կղերական մթնոլորտն ավելի քան մեկ անգամ անբարյացակամ գտնվեցավ մշակութային գետնի վրա անոր առաջադեմ նախաձեռնություններուն հանդեպ, փաատ՝ իր բաժանումն այդ հոգևորական շրջապատեն, որոշում, որ ինքնին խարանիչ էր արդեն դյուրաբեկ ու խոցիչ զգայունության մը համար: Ձերբակալությունը և աքսորը, որոնք ոևէ մարդկային կերտվածքի համար փչացուցիչ են, խանգարեցին իր մտային հավասարակշռությունը, գագաթնակետին հասնելով երբ, աքսորին ժամանակ, ոստիկան մը իր բերանեն խլեց ջուրով դույլը, այս շարժուձևը հավանաբար շղթայազերցած ըլլալով Կոմիտասին հոգեբանության մեջ պահված զսպանակներ: Իր շրջապատեն որոշ անձերու – ծանոթներ ու բարեկամներ – անհարմար և անձեռնհաս վարմունքը, ներառյալ իր բժիշկինը՝ աքսորի ընկեր, միայն ու միայն ավելցուցին աղետներու միշտ աճող շարքը և քայքայեցին Կոմիտասին արդեն վնասված հոգեկան վիճակը: Ուստի ան դարձավ կասկածամիտ և իր մեջ քաշված. կեղծ պատրվակով մը, որն իրեն ա’լ ավելի կասկածամիտ դարձուց, թրքական հիվանդանոց մը փոխադրեցին իրեն. մեկ այլ կեղծ պատրվակով, Ֆրանսա ուղարկեցին, որպեսզի հոգեբուժարան մը տեղավորվի. իր բացակայության, Պոլիսի իր բնակարանը բռնագրավեցին և այնտեղ գտնված առարկաները ցրեցին. Փարիզի հայոց եկեղեցին պաղ և անհյուրասեր վերաբերմունք ունեցավ իր հանդեպ. ֆրանսացի բժիշկները չհաջողեցան ճիշտ ախտորոշում մը տալ և ըստ այնմ համապատասխան բուժում մը որոշել. մեկ պահուն՝ իր ընկերները, որոնք օգնության հանձնախումբ մը կազմած էին, լքեցին իրեն: Հոգեբանական բնականոն պայմաններու մեջ, ո՞վ կդիմանար այդպիսի ճակատագրի փորձանքներու և մարդոց անարդարություններու: Ո՜ւր մնաց իր գործունեության հետ անհամատեղելի գոյության մը հարվածներով առերեսված արվեստագետի մը փխռուն ու բնածինորեն անկայուն բնավորությունը:
Ուիլյամ Սարոյանը կըսեր, որ երբ կգրե՝ Կոմիտաս կունկնդրե, որովհետև անոր երաժշտությունը գաղտնի ոգի մը կփոխանցե իրեն: Վստահաբար, բացատրությունը կկայանա այն աննյութական կապին մեջ, որը գոյություն ունի «կոմիտասյան» երգերու և եղանակներու ժողովրդական ծագման և իր ազգային արմատները ճանչցող գրողին գիտակցության միջև: Այս կապը ամենեն համոզիչ ազդակն է հայ երաժշտությունը վերանորոգելու նպատակով Կոմիտասին գործին արժեքին ու նույն ժամանակ Սարոյանին պատկանելիության համար՝ ազգի մը, որն իր կարողությունները փաստող այսպիպի էական անձնավորություններ տված է՝ երևութապես իրար չառնչվող ոլորտներե:
Կոմիտասը, այնպես ինչպես կըմբռնենք իր երաժշտության շնորհիվ, հայ ազգին արտադրանքն է, ինչպես են սովորաբար կարկառուն անձնավորություններով բեղմնավոր ազգի մը մշակութային մեծ արժեքները: Երջանկահիշատակ Կաթողիկոս Վազգեն Ա նշանավոր երաժշտագետին մասին անգամ մը ըսավ. Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան:
Ռումեն ժամանակակից հանրածանոթ մտավորական Անտրեյ Փլեշու, Հրեշտակներու մասին իր գրքին մեջ, գրած է, որ հրեշտակները՝ երբ իրենց մեջ են կերգեն Մոցարթ, իսկ երբ Աստվածային Գահին առջև կգտնվին կերգեն Պախ: Հայոց դրախտին մեջ, հրեշտակները կերգեն Կոմիտաս:
Սարգիս Սելյան