Երևանում տեղի ունեցավ «Հայրենադարձի աչքերով» գրքի շնորհանդեսը

Փետրվարի 2-ին կայացավ երիտասարդ լրագրող, միջազգայնագետ Սարիկ Սևադայի «Հայրենադարձի աչքերով» գրքի շնորհանդեսը: Գրքում ընդգրկված են 30 հայրենադարձի կյանքի հաջողված պատմությունները, նրանց վերադարձի լուսավոր ճամփան: Շուրջ 18 երկրներից հայրենադարձված հայրենակիցների թվում են Արտո Թունջբոյաջյանը, Կարպիս Թիթիզյանը, Շանթ Քիրմիզյանը, Գևորգ-Նուռ Շադոյանը, Վարդան Մարաշլյանը, Դեր-Հովան և այլք: Գիրքը նախադեպը չունեցող նախաձեռնություն է, որը միտված է Սփյուռքին ցույց տալու, որ կարելի է վերադառնալ Հայրենիք, և արդեն իսկ բազմաթիվ հաջողված օրինակներ կան: Գրքի հերոսները գործարարներ, հասարակական և մշակութային գործիչներ են, որոնք կայացած անհատներ են իրենց մասնագիտական ու անձնական կյանքում և իրենց ներուժն են ներդնում՝ ի շահ Հայաստանի։

Ըստ Սարիկ Սևադայի` 30 հայրենադարձի մասին հաջողված պատմությունները բավարար հիմք են հայրենադարձների թվի շատացման համար: Նա նախատեսում է 2020 թվականին ևս շարունակել հարցազրույցների շարքը և մոտ 50 հայրենադարձի պատմություն ներկայացնել: Շնորհանդեսի ժամանակ դահլիճում էին նաև գրքի հերոսները` հայրենադարձները: Նրանք հայրենիքում բավականին լուրջ գործունեություն են ծավալում՝ տարբեր ոլորտներում. հաջողակ գործարարներ են, հասարակական գործիչներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, մարզիչներ և այլն: Սևադայի գրքի ազդեցությունը կարող է հայրենադարձության համար նոր զարթոնք ապահովել: Դահլիճում ներկա սփյուռքահայերը և հայրենադարձները ևս կարծիքներ հայտնեցին գրքի առանձնակի կարևորության մասին: Ներկայացնելով սեփական փորձառությունները՝ տարբեր տարիներին Հայրենիքում հաստատված հայրենադարձները հող են ստեղծում նորերի համար:
