Ararat

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը «Հոկտեմերի 12-ը Ռումինիայում հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հայտարարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Սիրելի ռումինահայեր,
Ռումինիայի հայոց միության սիրելի անդամներ,

Շնորհավորում եմ «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հայտարարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ: Այն կարևորագույն քայլ էր պատմական hայրենիքից դուրս հայկական ինքնության ու մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման և ներկայացման առումով: Ռումինիայում հայերն ունեն հազարամյա ներկայություն: Նրանք ակտիվ ներդրում են ունեցել Ռումինիայի զարգացման գործում: Հայերը մշտապես մասնակցել են ռումինական քաղաքների շենացմանը, առևտրի, արհեստների և մշակույթի զարգացմանը և ակտիվորեն ներգրավված են եղել երկրի քաղաքական-հասարակական կյանքում:

Այս օրենքի ընդունումը, հիրավի, երկու ժողովուրդների՝ հայերի և ռումինացիների բազմադարյա համակեցության խորհրդանիշն է, հայերենի և հայկական մշակույթի իմացությունը խթանող և հայի ինքնությունը պահպանող կարևոր ազդակ: Օգտվելով առիթից` շնորհավորում եմ ռումինահայ համայնքին և մասնավորապես այս օրենքի համահեղինակներ Վարուժան Ոսկանյանին և Վարուժան Փամբուկչյանին, ովքեր գրեթե երեք տասնամյակ կարևոր դերակատարում ունեն Ռումինիայի քաղաքական կյանքում:

Միևնույն ժամանակ, ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Ռումինիայի իշխանություններին, մասնավորապես, խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերին՝ մեծ կարևորություն ունեցող օրենքի ընդունման, ինչպես նաև հայ համայնքի նկատմամբ մշտապես ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:

Վերստին շնորհավորում եմ, սիրելի հայրենակիցներ, այս նշանակալի ձեռքբերման, ինչպես նաև Ռումինահայոց միության հարյուրամյա հոբելյանի առթիվ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *