Vartan Martaian

ԱՐԽԻՎ-2011․ Վաշինկթոն՝ Հայկական բանաձևի կասեցումը

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

       մարտ, 2011թ.

       Ավելի քան 9 ամիս՝ անցյալ տար­վա Մարտ ամսեն մինչեվ Դեկտեմբեր, Վաշին­կ­թոնի մեջ գրեթե ոչինչ լսվեցավ Հայոց Ցեղասպանությունը ճանչցող H. Res. 252 բանաձեւին մասին: 23 կողմ եւ 22 դեմ ձայներու հարաբերակցությամբ՝ հայ-թուր­քական «ձնհալի» խորապատկերի  վրա Ներկայացուցիչներու Պալատի Արտաքին Հարցերու Հանձնաժողովի կողմե  2010 թվա­կանի Մարտ 4-ին ընդունված բանաձեւը Հանձնաժողովի քվեեն ետք չարժանացավ գոնկրեսականներու բավարար աջակցու­թյան: Բանաձեւի ընդդիմախոսները իրենց դիրքորոշումը կարդարացնեին այն պատ­ճառաբանությամբ, թե իբր չէին ուզեր խանգարել հայ-թուրքական մերձեցման գործընթացը: Գոնկրեսականներու մեծա­մասնության աջակցությունը ձեռք չբե­րելու պատճառով, բանաձեւի նախաձեռ­նողները Ներկայացուցիչներու Պալատի խոսնակ՝ մինչ այդ Հայ Դատի անվերապահ պաշտպան համարվող տիկին Նանսի Փե­լոսիին խնդրեցին բանաձեւը քվեարկու­թյան չդնէլ՝ ավելի նպաստավոր հանգա­մանքներ սպասելու նպատակով: Իսկ այդ նպաստավոր հանգամանքները կարծես, թե գոյություն ունեին անցյալ տարվա վերջին, երբ Դեկտեմբեր 17-ին AP գործակա­լու­թյունը կփոխանցեր, թե դեմոկրատ Նանսի Փելոսին մտադիր է Ներկայացուցիչներու Պալատի օրակարգ մտցնել թիվ 252 բա­նաձեւի քվեարկումը:
       Հայոց Ցեղասպանության բանաձեւի հանկարծակի վերադարձը ուշադրության կեդրոն հավասարապես անակնկալի բե­րավ բազմաթիվ հայերու եւ թուրքերու՝ կրքերը բորբոքելով: Սակայն ամերի­կահայ պատմաբան Վահագն Տատրյան հա­ջողության մեծ հույսեր չէր տեսներ բանաձեւի հավանական քվեարկության տրվելու պարագային, քանի որ, ըստ անոր, սովորաբար նման բանաձեւերը կընդուն­վին ելնելով ոչ թե բարոյական, այլ քա­ղաքական նկատառումներեն: Միաժամա­նակ Տատրյան կզգուշացներ՝ չափազանց­ված կարեւորություն չտալ  բանաձեւին, քանի որ ատ ավելի շատ ձեւական փաս­տաթուղթ մը կհանդիսանա:
       Սակայն, ինչպես միշտ, չափա­զանց­ված ուշադրություն դարձուց Անկարան, որը հերթական անգամ սպառնալիքներ հնչեցուց Վաշինկթոնի հասցեին: Եվ, նորեն ինչպես միշտ, նախագահ Օպա­մայի վարչակազմը ականջ դրավ այդ սպառ­նալիքներուն: ԱՄՆ պետական քարտու­ղար, տիկին Հիլարի Քլինթոն, Թուրքիո արտաքին գործոց նախարար Ահմեթ Տա­վութողլուին հեռաձայնով հավաստիա­ցուց, թե ամերիկյան վարչակազմը պիտի ընե ամեն հնարավորը՝ H. Res. 252 բա­նաձեւի Գոնկրեսի օրակարգ մտցնելը կա­սեցնելու համար: Ինչը եւ կատարվեցավ. Նանսի Փելոսի ընկրկեցավ Ապիտակ Տան գործադրած ճնշումներուն առջեւ եւ հրա­ժարեցավ բանաձեվը քվեարկության դնե­լեն: Անմիջապես հետո, Հունվար 5-ին, տիկին Փէլոսի հեռացավ Ներկայացուցիչ­ներու Պալատի խոսնակի պաշտոնեն՝ Նո­յեմ­բերին տեղի ունեցած ընտրություն­նե­րուն Պալատեն ներս դեմոկրատական մե­ծամասնության կորսնցնելու հետեւանքով: Եվ այսպես, պատրանքաբույր երկար ձգձգում­ներեն ետք հերթը եկավ նաեւ Նանսի Փէլոսիին՝ նախագահ Պարաք Օպամայի օրինակով հայերուն թիկունք դարձնելու: Բանաձեւի կողմնակիցները հույս ունեին, թե մեք կողմե՝ հայ-թուրքական դիվանա­գի­տական մերձեցման ձախողումը, իսկ մյուս կողմե՝ թուրք-իսրայելյան հարաբերու­թյուններու մեջ ծագած լարվածությունը եւ ատոր հետեւանքով հրեական լոպպիի կողմե Թուրքիո ժխտողականությանը ցու­ցաբերած աջակցության ենթադրյալ նվա­զումը պիտի հանգեցնեն բանաձեւի ընդուն­մանը: Սակայն այդպես չեղավ: Անկարա կրնա անգամ մը եւս թեթեւացած շունչ քաշել . այս անգամ ալ ԱՄՆ բարոյակա­նությունը զոհաբերեց հանուն պետական շահերու – ինչը կհաստատե Վահագն Տատրյանի ըսածը -, մինչ Վաշինկթոնի մեջ գործող հրեական լոպպին լրիվ թափով կսատարե թուրքական կառավարության ժխտողական քաղաքականությունը: ԱՄՆ-ի հրեական ամենեն ազդեցիկ կազմա­կերպության՝ Anti-Defamation League -ի գործադիր տնօրեն Ապրահամ Ֆոքսման թուրքական Սապահ օրաթերթին հայտա­րարեց, թե «Միացյալ Նահանգները կը­ս­խալին, երբ կփորձեն խառնվիլ այս հարցին [հայ-թուրքական պատմական վեճը]: Պատ­մությունը պետք է ձգել պատ­մաբան­նե­րուն: Մենք կսատարենք Թուրքիո այս առումով:»
       Սակայն, ի հեճուկս վերջերս կրած նոր պարտության եւ հասկանալի հիաս­թափության, Վաշինկթոնի մեջ Հայ Դատի պաշտպանները զենքերը վայր չեն դներ եւ կշարունակեն իրենց պայքարը հանուն պատմական արդարության:

Վարդան Մարթայան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *