Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Զատիկը․ Զատկի ավանդույթներն ու սովորույթները
- Զամկայի ավանդույթը
Ռումինիայի հայերի մի գեղեցիկ ավանդույթ կար՝ այսօր մոռացված, երբ Զատիկից հետո չամուսնացած երիտասարդները Զամկա վանքի մոտ գտնվող բլրից գլորում էին կարմիր ձվերը, և այն երիտասարդները, որոնց գլորած ձվերը չէին կոտրվում, հավատում էին, որ ամուսնանալու են այդ տարի (Զամկա վանքը գտնվում է Սուչավա քաղաքում և համարվում է հայերի կողմից կառուցված կարևորագույն կրոնական աղոթատեղիներից մեկը)։

- Ածիկ
Զատկի տոնին հայերը տոնական սեղանի վրա դնում են ծլեցրած ցորենի սերմերով լի ափսե, որը կոչվում է «ածիկ»: Ածիկը կյանքի խորհրդանիշն է՝ մահվան և հարություն առնելու: Ցորենի հատիկը ծլելիս նախ մեռնում է, ապա դրա միջից դուրս գալիս է կանաչ խոտը, որը խորհրդանշում է նոր կյանքի սկիզբը:

- Ձվերը ներկումը կարմիրով
Հայ Առաքելական եկեղեցում նույնպես կա այն ավանդույթը, որ Զատկի նախօրեին ձվերը ներկում են կարմիրով և նվիրում: Ձվերը կարմիրով ներկելը գալիս է եկեղեցական մի ավանդույթից, ըստ որի՝ Մարիամ Աստվածածինը եկել է այն խաչի մոտ, որի վրա խաչվել է Հիսուսը՝ բերելով մի զամբյուղ ձու, որի վրա թափվել է Տիրոջ արյունը: Հին ժամանակներում հայերը սոխի կեղևի օգնությամբ էին ներկում ձվերը և այն զարդարում գինձով։
Սուրբ Գրիգոր Տաթևացին գրում է ձվեր նկարելու սովորության մասին. «Միայն Զատիկին ենք ձու ներկում, քանի որ ձուն մարմնավորում է աշխարհը, ինչպես ասում են իմաստունները. կեղևը խորհրդանշում է երկինքը, սպիտակուցը ջուրն է, իսկ դեղնուցը՝ երկիրը: Երբ կարմիր ձու ենք վերցնում, խոստովանում ենք մեր հավատը Հարությանն ու փրկությանը։

- Զատկի սեղան
Զատկի հայկական ավանդական սեղանից անպակաս են ձուկը, չամիչով փլավը, չրերը և գինին։ Բրինձը խորհրդանշում է ժողովրդին, իսկ չամիչն ու չրերը՝ քրիստոնյա հավատացյալներին: Ձուկը և կարմիր գինին խորհրդանշում են Հիսուսի մարմինը և արյունը:

- Զատկի ձվի կռիվ
Հատկապես երեխաների կողմից սիրված ավանդույթ է այսպես կոչված «Ձվի կռիվը»: Զատկի սեղանին ներկա յուրաքանչյուր անձ ընտրում է մի ձու, որով մտնելու է «կռվի մեջ», այնուհետև երկու սեղանակից կռվում են իրենց ձվերով։ Հաղթողը վերցնում է կոտրված ձուն և փնտրում նոր մրցակից: Վերջում հաղթում է այն մեկը, որի ձուն չի կոտրվում և որը մրցակիցներից հավաքում է ամենաշատ ձվերը։

- Զատկի գաթա
Որպես դեսերտ, հայերը Զատկի սեղանի համար պատրաստում են «Զատկի գաթա»։ Ներկայացնենք դրա բաղադրատոմսը.
Ալյուրը մաղել թասի մեջ, ավելացնել աղ և սոդա, լցնել 100գ հալեցված կարագ, խառնել, ապա ավելացնել 1 ձվի և մածնի խառնուրդը, խմոր շաղել, ապա 5 րոպե կամ գրտնակով ծեծել, խմորը ծածկել և այդպես թողնել մոտ 20 րոպե: Խորիզը պատրաստելու համար խառնել թեթևակի բոված ալյուրը, շաքարավազը, փափուկ կարագն ու վանիլինը, հավասար փշուր ստանալ: Յուղաթղթի կտորի վրա խմորը ձեռքերով տափակացնել, խորիզ դնել, խմորի եզրերը հավաքել, ամրացնել, ավելորդ խմորը կտրել, գաթան տափակացնել այնքան, որ 1.5սմ բարձրություն ունենա, երեսին պատառաքաղով նախշեր գծել, հարած ձու քսել, ծածկել: Գաթան յուղաթղթով տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, եփել 200 աստիճան ջերմությամբ ջեռոցում՝ մինչև երեսը կարմրի:

- Քրիստոս հարյավ ի մեռելոց
Ողջույնի հետաքրքիր ավանդույթ կա հայկական Զատկի օրերին: Սովորական «բարև» ասելու փոխարեն՝ առաջինը ողջունողն ասում է. «Քրիստոս հարյավ ի մեռելոց», իսկ մյուսը պատասխանում է. «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։
