Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

Նոյեմբերի 6-ին, հընթացս Հայրապետական Սբ. Պատարագի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադ­րու­թյուն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ եպիսկո­պո­սական ձեռնադրություն և օծում ստացան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կենտրոնական Եվրո­պայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տ. Հայկազուն ծայրագույն վարդապետ Նաջարյանը, Մեծ Բրի­տանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հով­հաննիսյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև վարդապետ Հա­կոբյանը, Գևորգյան Հոգևոր ճե­մա­րանի տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը, Մայր Աթոռի վար­չատըն­տեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը և Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան վար­դա­պետ Հակոբյանը:
Նոյեմբերի 5-ին, երեկոյան ժամերգությունից առաջ, Մայր Տա­ճարում կատարվեց ընծայացուների ուխտադրության կարգը, որի ըն­թաց­քում Հայր Սուրբերը երդմնագրեր ստո­րագրեցին` Հայաստանյայց Առաքե­լա­կան Սբ. Եկեղեցուն և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին հավատարմության իրենց ուխտը կատարելով:
Պատարագի սրբազան արարո­ղու­թյունը սկսվեց Սբ. Ստեփանոս Նախասարկավագի խորանի վրա, որտեղ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց ընծայացուների հավատքի ուղղափառության քննությունը: Ապա­գա եպիսկոպոսների արժանավո­րու­թյան մասին Ամենայն Հայոց Հայ­րա­պետին վկայեցին դպիրներ, կիսասար­կավագներ, սարկավագներ, քահանա­ներ, եպիսկոպոսներ, ինչպես նաև ժողովուրդը ներկայացնող աշխարհա­կաններ: Որպես առընթերականներ Նորին Սրբությանը սպասավորում էին Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Այնուհետև Սբ. Պատարագը շա­րունակվեց Միածնաէջ Տաճարի Ավագ Խորանին, որտեղ Նորին Սրբությունը ընծայացու Հայր Սուրբերին եպիս­կո­պոսության կոչեց և Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու աջ ձեռքերի բութ մատները: Այնուհետև նորաօծ եպիսկոպոսներին Վեհափառ Հայրապետը հանձնեց նաև եպիսկո­պոսական իշխանության խորհրդա­նիշերը` եպիսկոպոսական գավազան­ներ և մատանիներ, ինչպես նաև Սբ. Ավետարան` ի նշան քարոզչության:
Ձեռնադրությունից հետո Ամե­նայն Հայոց Կաթողիկոսն իր պատ­գամը հղեց նորաօծ եպիսկոպոսներին և ներկա հավատավոր ժողովրդին: (…)
ՙՍիրելի բարեպաշտ զավակներ Մեր, Տիրոջ կենարար Հարությունից ավելի քան երկու հազար տարիներ անց` ներկա ժամանակներում, բազում են խնդիրները, որոնք վերաբերում են ոչ միայն քաղաքական, տնտեսական, մշակութային, այլև հոգևոր աս­պա­րեզին: Այսօր, երբ Տիրոջ ողորմու­թյամբ ստվարանում են մեր հոգևորա­կանաց շարքերը, հոգևոր-եկեղեցական կյանքի առաջընթացի համար մեծապես անհրաժեշտ են խոհեմ և բանիմաց, քաջեռանդ և կորովի եպիսկոպոսներ, ովքեր գլխավորելով Եկեղեցու գործու­նեության տարբեր ասպարեզները` նո­րանոր հաջողություններ պիտի բերեն հավատավոր մեր ժողովրդին և հա­վելեն փառքը առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցու: (…)
Դիմելով ձեռնադրյալ վեց եպիս­կոպոսներին` Նորին Սրբությունը հորդորեց Տիրոջ լույս օրինակով գոր­ծել և ծառայել, հաստատուն պահել իրենց ուխտը և տերունապատվեր առաքելությամբ հավելել իրենց ազ­գօգուտ ու եկեղեցանվեր գործերն ու վաստակը նորանոր արարումներով և ձեռքբերումներով: (…)
ՙՈղջույնի՚ ընթացքում արարո­ղությանը ներկա բոլոր եկեղեցական­ները բարձրացան Սուրբ խորան` առնելու նորաօծներից Ողջույնը և շնորհավորելու ձեռնադրության և օծման առիթով: Ս. Պատարագի ավա­ր­տին բարեպաշտ ժողովուրդը և հյու­րերը ևս իրենց շնորհավորանքներն ու մաղթանքները բերեցին նորաօծ եպիսկոպոսներին:
Ձեռնադրության արարողու­թյա­նը ներկա էին Վեհափառ Հայրապետի գահակալության 12-ամյակի և ծննդյան 60-ամյակի տոնակատարությունների առիթով Մայր Աթոռ ժամանած Հայոց Եկեղեցու նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներ, աշխարհասփյուռ թեմերի առաջնորդներ և թեմական պատվիրակներ, Մայր Աթոռի միա­բան­ներ, բարերար հայորդիներ, ձեռնադրյալ­ների բարեկամներ և ուխտավորներ:
Առաջիկա օրերին նորաօծ եպիսկոպոսները Մայր Տաճարում կմատուցեն ուխտի պատարագներ:

Posted by on Jan 13 2012. Filed under Credinta. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response or trackback to this entry

Leave a Reply

Log in | Designed by Gabfire themes