Հայաստանի եւ Ռումինիայի հինգ քաղաքների եղբայրացման վերաբերյալ
Անցնող շաբաթ Հայաստանի հինգ քաղաքներ միանգամից եղբայրացման համաձայնագրեր կնքեցին ռումինական քաղաքների հետ: Այդ նպատակով ս/թ հոկտեմբերի 24-30-ին Հայաստանի հինգ համայնքապետեր փոխադարձ այցով գտնվում էին Ռումինիայում: Ուղիղ մեկ տարի առաջ, 2011թ. հոկտեմբերի 24-28-ին, կայացել էր ռումինական պատվիրակության այցը Հայաստան, երբ Պիտեշտի/Pitesti, Ֆոկշանի/Focsani, Ռոմանի/Roman, Գեռլայի/Gherla, Դումբրավենի/Dumbraveni եւ Ֆրումոսայի/Frumoasa քաղաքապետերը այցելեցին Գյումրի, Դիլիջան եւ Տավուշի մարզկենտրոն Իջեւան, ուր պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության կապեր հաստատել Գյումրի-Պիտեշ, Դիլիջան-Ռոման, Իջեւան-Գեռլա, Ֆոկշան-Բերդ, Նոյեմբերյան-Դումբրավեն եւ Այրում-Ֆրումոասա զույգերի միջեւ: Արդեն այս տարվա մայիսին նման պայմանագիր էր կնքվել Ռոմանի եւ Դիլիջանի միջեւ:
Հայ քաղաքապետերի պատվիրակությունը Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 24-ին մեկնեց Վրանչայի/Vrancea նահանգային կենտրոն, ուր Ֆոկշանի քաղաքապետ Դեչեբալ Բաչինսկին/Decebal Bacinschi եւ Բերդի համայնքի ղեկավար Անդրանիկ Շառյանը ստորագրեցին համատեղ հռչակագիր երկու քաղաքների միջեւ համագործակցության կապեր հաստատելու վերաբերյալ: Փաստաթղթի ստորագրման արարողությանը Հայաստանի դեսպանի կողքին ներկա էին նաեւ Վրանչայի նահանգապետ Կատալին Պոպեսկուն/Catalin Popescu, սենատոր, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը/Varujan Vosganian եւ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ Եպս. Հակոբյանը: Մինչ այդ հայկական պատվիրակությունը Ֆոկշանում մասնակցեց Ռումինական բանակի օրվա հանդիսավոր արարողությանը, այցելեց քաղաքային թանգարան, ինչպես նաեւ պտույտ գործեց Ֆոկշանի հայկական այն վայրերով, ուր 20-րդ դարի սկզբից ի վեր ընթացել էին Վարուժան Ոսկանյանի “Շշուկների Մատյան” նշանավոր վեպի գործողությունները:
Այնուհետեւ հաջորդ օրերին հայկական պատվիրակությունն այցելեց Հարգիտայի/Hargita նահանգի Ֆրումոասա, Սիբիու/Sibiu նահանգի Դումբրավեն, Կլուժ/Cluj նահանգի Գեռլա հայաբնակ քաղաքներ, ուր Այրումի համայնքի ղեկավար Գիգոլ Եգանյանը, Նոյեմբերյանի համայնքի ղեկավար Վանուշ Ամիրաղյանը եւ Իջեւանի համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը պայմանագրեր կնքեցին համապատասխանաբար Ֆրումոասայի, Դումբրավենի եւ Գեռլայի քաղաքապետեր Տիբոր Ֆերենցի/Tibor Ferencz, Ջորջետա Իրիմիեի/Georgeta Irimie եւ Մարիուս Սաբոյի/Marius Sabo հետ: Իրադարձություններով հատկապես հարուստ էին Դումբրավենի եւ Գեռլայի այցի օրերը: Հոկտեմբերի 27-ին Դումբրավենում հայ պատվիրակները մասնակցեցին Տրանսիլվանիայի Հայոց թանգարանում նկարիչ Յոն Կոնստանտինեսկուի ցուցահանդեսի բացմանը, այցելեցին Հայ կաթողիկե տաճար եւ հայկական պատմական վայրեր: Գեռլայում, նախկին Արմենոպոլիսում, որ 1700թ. հիմնվել է հայերի կողմից, հյուրերը պտույտ գործեցին հայկական բարոկկո ոճի հին քաղաքում, այցելեցին պատմության թանգարան, ուր ցուցադրվում էին հայ եկեղեցական պաշտամունքային իրեր, Հայկական մշակութային կենտրոն, ժամանակի հայկական վարչական եւ կրթական շենքեր, Սուրբ Երրորդության հայ կաթողիկե հոյակապ տաճարում ներկա եղան կիրակնօրյա պատարագին: Գեռլա-Արմենոպոլիսն ու Դումբրավեն-Եղիսաբեթուպոլիսը ժամանակին ունենին թագավորական ազատ քաղաքի կարգավիճակ եւ կառավարվում էին հայերի կողմից, հայկական օրենքներով: Այսօր էլ այստեղ, ինչպես նաեւ Ֆրումոասա եւ Գեորգեն քաղաքներում մնացել եւ հայկական կյանքը շարունակում են հին տրանսիլվանահայերի շառավիղներ. մասնավորապես Տրանսիլվանահայերի միության նախագահ Յոան Էստեգարի/Ioan Esztegar եւ Դումբրավենի Հայկական միության նախագահ Յոան Կալինեսկուի/Ioan Calinescu եռանդուն ջանքերի շնորհիվ վերջին քսան տարիների ընթացքում այս մեկուսացված համայնքը զարթոնք է ապրում:
Ուղեւորության վերջին վայրը Պիտեշտ քաղաքն էր, ուր հոկտեմբերի 29-ին քաղաքապետ, Ռումինիայի քաղաքապետների միության նախագահ Թուդոր Պենդիուկը/Tudor Pendiuc եւ Գյումրու քաղաքապետի տեղակալ Գուրգեն Մալխասյանն ստորագրեցին բարեկամության պայմանագիր: Ստորագրված պայմանագերը նախատեսում են համայնքների միջեւ փոխայցելությունների աջակցություն եւ խրախուսում, հանրային հաստատությունների, տարբեր կազմակերպությունների եւ առեւտրային ընկերությունների միջեւ կապերի հաստատում, փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացում, փորձի փոխանակման եւ գործընկերության նախաձեռնում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` կրթություն, երիտասարդություն, մշակույթ, սպորտ, զբոսաշրջություն, կայուն զարգացում, շրջակա միջավայրի պաշտպանություն եւ գործարարություն, հանրային կառավարման մենեջմենտ եւ քաղաքաշինություն:
Պիտեշտում բարեկամության պայմանագրի ստորագրմանը Հայաստանի դեսպան Հ. Գասպարյանի կողքին ներկա էին նաեւ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ Եպս. Հակոբյանը, ինչպես նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Տեղական մամուլը եւ հեռուստատեսությունը հետաքրքրությամբ անդրադարձան հայ քաղաքապետերի այցելությանը եւ եղբայրացման համաձայնագրերին:
Տեղեկացնենք, որ Ռումինիայի պատմական մայրաքաղաքներից Սուչավան, ուր դեռ այսօր գործում են երկու հայկական վանք եւ երեք եկեղեցի, պատրաստվում է կապեր հաստատել Էջմիածնի հետ: Քայլեր են արվում նաեւ Երեւանի եւ Բուխարեստի միջեւ եղբայրական կապեր հաստատելու շուրջ: