Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված լուսանկարն արված է նույն մեթոդով, որ մեթոդով ստեղծվել է Մոնա Լիզան
«Լուսանկարչությունը նույն նկարչությունն է, ուղղակի` լույսով ու ստվերով: Իսկ գլուխգործոցներ հնարավոր է ստանալ արվեստի ցանկացած ճյուղի օգնությամբ, այդ թվում նաև լուսանկարչությամբ», – մեզ հետ զրույցում ասել է կինոօպերատոր Կարեն Չախալյանը, որի հետ էքսկլյուզիվ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:
– Մասնագիտությամբ օպերատոր, բայց զբաղվում եք նաև լուսանկարչությամբ: Այն այդքան գրավիչ է՞:
– Այո: Մասնագիտությամբ կինոօպերատոր եմ, ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոօպերատորական ֆակուլտետը: Այժմ զբաղվում եմ լուսանկարչությամբ: Ինչպես կուրսղեկս էր նշում՝ կինոյի հիմքը լուսնկարչությունն է: Եթե լուսանկարչությունը մեկ կադր է, ապա կինոն վարկյանում 24 կադր է: Ուրեմն, նախ և առաջ անհրաժեշտ է սովորել նկարել այդ մեկ կադրը, նոր հետո ֆիլմ: Իրականում, ինձ ավելի շատ դուր եկավ հենց մեկ կադրը, ներդնել միտք, գաղափար և այդ ամենն արտահայտել ընդամենը մեկ կադրով:
– Իսկ ո՞րն է պրոֆեսսիոնալ լուսանկարչության ամենաբարդ կողմը:
– Լուսանկարչության մեջ բարդը լուսանկարչության կանոններին համապատասխան կադր կառուցելն է: Այսինքն` լույսի, ստվերի, կոմպոզիցիայի, տարածության և ժամանակի մեջ: Բարդություն կարող է առաջացնել նաև տեխնիկական սակավությունը, օրինակ` տվյալ միջավայրում պահանջվող օպտիկայի կամ արագագործ ֆոտոխցիկի բացակայությունը: Մնացած ամեն ինչը գիտելիքի խնդիր է:
– Ի դեպ, վերջերս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված լուսանկար էիք պատրաստել և, եթե չեմ սխալվում, այն ուղարկել էիք թուրքական կայքեր: Ի վերջո, լուսանկարը տեղադրվե՞ց այնտեղ, և ի՞նչ արձագանքներ են եղել, թե՛ հայկական, թե՛ թուրքական կողմից:
– Ապրիլի 12-ին մեկ լուսանկարի երկու տարբերակ էի նկարել, որտեղ մի փոքրիկ աղջնակ հուշահամալիրում տիկնիկը գրկած սևեռուն հայացքով նայում է հավերժական կրակին: Երբ ապրիլի 17-ին փորձում էի ռեժիսոր, լրագրող և բանիմաց ընկերներիցս կարծիք հարցնել, թե որ տարբերակը տեղադրեմ թուրքական և այլ միջազգային լուսանկարչական մի շարք կայքերում, ինֆորմացիայի արտահոսք տեղի ունեցավ: Հայկական մամուլում հրապարկվեց այն, որ մտադրություն ունեմ տեղադրել ցեղասպանություն դատապարտող մի լուսանկար հենց թուրքական լուսանկարիչների կայքում, որտեղ իրենց հրավերով էի գրանցված: Լուսանկարը տեղադրեցի ապրիլի 22-ին, բայց մինչ այդ, և դրանից հետո, հայկական մամուլը բազմիցս անդրադարձավ այդ դեպքին: Հայակական կողմը ողջունում էր և ոգևորում էր, բայց կային նաև անձինք, ովքեր քննադատեցին և քարկոծեցին այդ գաղափարը` անիմաստ համարելով: Լուսանկարը թուրքական լուսանկարիչների կայքում տեղադրվեց առավոտյան ժամը 11-ին` “Recognize The Armenian Genocide” վերնագրով և մինչև երեկոյան 21:30-ը բազմաթիվ դիտումների արժանացավ, իհարկե թուրքերի և կայքի ադմինիստրատորի սուր քննադատություններն անպակաս էին: Այդուհանդերձ, լուսանկարը բարձր գնահատավեց եվրոպացիների և որոշ թուրք լուսանկարիչների կողմից: Ըստ երևույթին, ժամը 21:30-ին ճնշումներ եղան ուժային կառույցների կողմից և կայքի ադմինիստրատորն անձամբ կապ հաստատեց ինձ հետ` տեղեկացնելով, որ հեռացնելու է լուսանկարը` այն պրոպագանդա որակելով: Այնուհետև, նրա հետ բանակցելուց հետո, լուսանկարը կրկիրն տեղադրվեց կայք, սակայն այս դեպքում առանց վերնագրի, քանի որ լուսանկարը “Recognize The Armenian Genocide” անվանմամբ տեղադրվել էր բազմաթիվ միջազգային կայքերում և տարածվել տարբեր սոց ցանցերում: Լուսանկարը մինչ օրս տեղադրված է թուրքական կայքում և ունի բազմաթիվ դիտումներ:
– Հոյակապ է: Կարծում եք ձեր գլուխգործոցները գնահատվո՞ւմ են ըստ արժանվույն:
– Ինքներդ դատեք: Յուրաքանչյուր տարի միջազգային լուսանկարչական կայքերում տարբեր մրցույթներ են կազմակերպվում: Օրինակ` 2014 թվականին իմ լուսանկարներից մեկը National Geographic կայքում մի քանի միլիոն լուսանկարների կոքին արժանացավ «օրվա լավագույն լուսանկար» տիտղոսին: Ի վերջո, գլուխգործոց նշանակում է գործի դնել գլուխը, ստեղծել միտք, գաղափար, ազդել դիտողի մտքի վրա և հոգեկան աշխարհ ներթափանցել, անել այնպիսի լուսանկար, որ երբեք ոչ ոք երբևէ չի մտածել:
– Մեր զրույցում մի պահ ասացիք, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարն ստեղծված է այն նույն մեթոդով, որ մեթոդով նկարվել է Մոնա Լիզան:
– Այդպես է: Լուսանկարում կարող եք նկատել Ֆիբոնաչչիի սպիրալը, ոսկե հատման համապատասխան, որը կառուցում է նկարի կոմպոզիցիան: Լուսանկարը սկսում ենք դիտել տիկնիկից` անցնելով դեմքին, հետո ետևի աստիճաններին, դիմացի կրակին և ձախ աստիճաններով հեռանում ենք կադրից: Դեղինով նշված է 137,5 աստիճան ոսկե անկյունը, որը գործող կերպարից՝ աղջնակից, ուշադրությունը սևեռում է դեպի հավերժական կրակը: Իսկ կապույտով սպիրալը հստակ ցույց է տալիս տիկնիկի դիրքը աղջկա նկատմամբ` նույն ոսկե հատման մեջ: Եթե Ֆիբոնաչչիի սպիրալը սկսենք հավերժական կրակից (կանաչով ներգծված), ապա սպիրալի կորը կշոշափի տիկնիկով աղջնակին, որը ևս մեկ անգամ կենտրոնացնում է ուշադրությունը: Նկարի կենտրոնում ներգծված աստղը (որը նույնպես ոսկե հատում չափող պատկեր է) հաստատում է ֆոնի, պատի սկիզբը, որը ներքևից համընկնում է հենց ոսկե հատման հետ (հորիզոնական սպիտակ գիծ): Կրակն ուղիղ երկու ստորին թևիկների մեջտեղում է, ծաղիկների շարքը նույնպես ոսկե հատման մեջ է` վերևից հաշված: Այդ մեթոդն ազդում է ենթագիտակցության վրա և ստիպում կլանվել, ընկալել ու ընդունել պատկերը:
– Այլ լուսանկարիչների հետ հարցազրույցների ժամանակ իմացա, որ լուսանկարչությունը ևս կարող է «խաբել» մարդու տեսողությունը, ընկալումը: Այդ ինչպե՞ս:
– Այդպես է: Մարդու անզեն աչկը տեսնում է միայն մեկ ֆոկուսային հեռավորությամբ և միայն մեկ անկյան տակ: Մեր աչքն ուղիղ դիրքում ընկալում է 180 աստիճան, սակայն տեսադաշտում կարողանում է պահպանել 160–140 աստիճանը, իսկ օպտիկայի շնորհիվ մենք կարողանում ենք կրճատել և՛ տեսողական անկյունը, և՛ ֆոկուսային դիստանցիան: Ինտերիերային նկարահանման ժամանակ, օրինակ, հաճախ օգտագործում ենք լայնակյուն օպտիկա, որի շնորհիվ փոքրիկ սենյակը երևում է լայն ու ընդարձակ, իսկ նեղանկյուն ու երկարաֆոկուս օպտիկայի շնորհիվ կարղանում ենք կրճատել տարածության մեջ եղած օբյեկտների հեռավորությունները: Ենթադրենք, 1200մմ օբյեկտիվով երեկոյան ինչ-որ միջավայրում բավականաչափ հեռավորությունից լույսնի ֆոնին նկարում ենք մի հեծանվորդի: Այդ դեպքում նրա և լույսնի հեռավորությունը շատ փոքր կթվա, նրան կտեսնենք մի հսկա լույսին, իսկ երբ նույնը նկարենք 16մմ օբյեկտիվով, նախ ստիպված կլինենք շատ մոտենալ հեծանվորդին որպեսզի նրան ամբողջովին և տեսանելի մասշտաբով ընդգրկենք կադրում, ապա հետո հսկա լուսինը հեծանվորդի ֆոնին մի փոքրիկ ու աննշան աստղիկ կերևա:
– «Անընդհատ ապրիր և սովորիր..»: Որպեսզի անվերջ հարցերով ձեր գլուխը չցավեցնեմ, ասացեք խնդրեմ` ի՞նչ խորհուրդ կտաք ապագա օպերատորներին ու լուսանկարիչներին:
– Խորհուրդները կարող են շատ լինել, ոմանց համար օգտակար, ոմանց համար` լսված կամ յուրացված: Ամեն դեպքում կցանկանամ, որ երբեք ոչ մեկ չսահմանափակվի մեկ կամ մի քանի մրցույթների հաղթանակներով և չհամարի իրեն լավագույնը, քանի որ դա նրան միայն կտանի կործանման, հետընթացի: Միշտ անհրաժեշտ է ձգտել ավելիին, ներդնել ոգի, միտք, գաղափար, ընկալել ու հասկանալ բնության լույսն ու ամեն մի մանրունք, յուրացնել լավը, ոսկե հատման կանոնները, դա շատ կնպաստի կատարելագործվելուն:
Ելենա Չոբանյան