Պարը նվազեցնում է բարդույթները

Պարային թերապիայի առաջնային ձևերն ի հայտ են եկել դեռևս 1950 թվականից, իսկ պարի բուժիչ հատկությունները հայտնի էին նախնադարից: XX-րդ դարում, օրինակ՝ պարային-շարժողական թերապիան սկսեց ձևավորվել ու զարգանալ որպես հոգեթերապիայի  տեսակ: Այն օգտագործում են որպես գործընթաց՝ նպաստելով անհատի ֆիզիկական-հուզական ներգրավվմանը: Ավելի ուշ, պարի գաղափարները շարունակեցին հայտնի դեմքեր, ինչպիսիք են Բլանշ Էվանը, Մերի Ուայթհաուսը՝ այն օգտագործելով իբրև հետթրավմատիկ սթրեսային խանգարում ունեցող անձանց բուժման մեթոդ:

Պարզվում է՝ ՀՀ-ում պարաթերապիայի կողմանկիցներ և զարգացնողներ ևս կան, գուցեև թվով քիչ: Այդ թվին է պատկանում նաև շուկայագետ, պարային թերապիայի դպրոցիհամահիմնադիր պրոդյուսեր Հայկ Սուլթանյանը, ով Արարատ ամսագրի հետ զրույցում նշել է, որ պարային թերապիան գիտություն է, որն ուսումնասիրում է երաժշտությունը, ռիթմն ու համահունչ շարժումը:

– Ի՞նչ է պարային թերապիան:

– Այն էմոցիաներին հնարավորություն է տալիս արտահայտվել շարժման միջոցով՝ կառավարելով դրանք։ Էմոցիաների կառավարումը կարևորագույն հատկություն է մեր ժամանակակից հասարակությունում, որից բխում են մի շարք մարդկային հատկանիշներ, որոնց թվարկելն ուղղակի անհնար է։ Մեր պարային ծրագիրը տալիս է այդ հնարավորությունը, մասնակիցն էլ ինքն է ընտրում՝ որ հատկանիշն է իր համար այդ պահին ցանկալի կամ կարևոր։

– Եթե այդպես է, այն որքա՞ն է տարածված Հայաստանում: Արդյո՞ք այն պահանջված է ինչպես, օրինակ՝ էսթեթիկ վիրահատությունը:

-Մենք՝ հայերս շատ պահպանողական ենք և դժվար ենք ընդունում ցանկացած նոր երևույթ, սակայն այդ տենդենցը գնալով նվազում է։ Որպեսզի կարողանանք մարդկանց ներկայացնել պարային թերապիայի անհրաժեշտությունը, այն շատ մեծ ջանքեր և համբերություն է պահանջվում և, իհարկե, որոշակի ֆինանսական հնարավորություն՝ այդ ամենը իրագործելու համար: Բայց լինելով շուկայագետ՝ վստահ եմ, որ դա հնարավոր է։ ՀՀ-ում պարաթերապիայի պահանջարկը շատ մեծ կլինի մոտ ապագայում, քանի որ գաղտնիք չէ, որ այստեղ մարդկանց մեծամասնության կյանքի որակը միջինից ցածր է, իսկ դա նշանակում է, որ սթրեսի մակարդակը շատ բարձր է։ Բացի այդ, մեր իրականությունում շատ տարածված են բարդույթները, որոնք ևս մարդկային կյանքի որակի մակարդակի վրա բացասաբար ազդող գործոններ են։ Մեր իրականությունում հաջողության հասնելու համար շատ մեծ ջանքեր են պահանջվում, և պարաթերապիան կարող է լինել այն էներգիայի աղբյուրը, որն այդքան պակասում է մարդկանց։

–  Բարդություններին բախվելիս շատերս մեև ցուցամատը ուղղում ենք այլոց, և ոչ ինքներս մեզ: Այդ պարագայում պարաթերապիան ինչո՞վ կարող է օգտակար լինել:

-Ճիշտ է: Մեր անհաջողությունների և խնդիրների համար միշտ մեղադրում ենք ուրիշներին և չենք ընդունում մեր մեղավորությունը։ Դա հնուց եկած մշակույթ է, որն արդեն արմատացել է մեր ենթագիտակցության մեջ։ Վերջինս դժվարեցնում է ցանկացած ինքնազարգացնող ծրագրի անհրաժեշտությունը հասցնել ՀՀ քաղաքացիներին, սակայն դա ևս գնալով նվազում է և, օրինակ˛ պարաթերապիայի ճիշտ ներկայացնելը կարող է նոր մշակույթ ձևավորել մարդկանց մեջ˛օգնելով դյուրին ինքնաարտահայտվել և հաջողության հասնել։

– Շատերը պարաթերապիան համարում են հոգեթերապիայի տեսակ: Այդպե՞ս է:

-Մեր խնդիրն է՝ մարդկանց բացատրել, որ պարաթերապիան հոգեբանական թերապիա չէ, այլ հետաքրքիր նախաձեռնություն, որը կարող է դրական ազդեցություն ունենալ յուրաքանչյուրիս կյանքում: Այն նաև շատ լավ ժամանցի տեսակ է, ինչը ևս պակասում է շատերի առօրյայում։ Գուցե ՀՀ քաղաքացիները չեն դիմում այդօրինակ պարին՝ ֆինանսական խնդիրներ ունենալու կամ սոցիալական ճնշվածության պատճառով:

Այդքան համամիտ չեմ: Պարային ծրագիրը ձևավորելիս իրականացրել ենք մի շարք հարցումներ` ինքնազարգացման վրա գումար ծախսելու մարդկանց վերաբերմունքը հասկանալու համար։ Հավատիացնում եմ, որ մեր ծրագիրը շատերին հնարավորություն կտա ձեռք բերելու աշխատանքի և ժամանցի հավասարակշռությունը, ինչը նախկինում չի ստացվել։ Ծրագիրը մարդկանց հնարավորություն է տալիս վերցնել իրանց համար այդ պահին անհրաժեշտ առավելությունը և, դրանից կախված, վճարել համապատասխան գումար: Այսինքն՝ յուրաքանչյուրը հնարավորություն ունի ստանալու պարաթերապիայից իր մասնաբաժինը՝ առանց մտածելու ծախսված գումարների մասին։ Ուստի, պարաթերապիայի մեր ծրագիրը թանկ չէ հայկական իրականության մեջ և հասանելի է բոլորին։

 

լրագրող, հաղորդավար

Ելենա Չոբանյան

 

 

 

 

Posted by on Sep 9 2018. Filed under Culture, News. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response or trackback to this entry

Leave a Reply

Log in | Designed by Gabfire themes