Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Նոյեմբերի 6-ին, հընթացս Հայրապետական Սբ. Պատարագի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում ստացան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տ. Հայկազուն ծայրագույն վարդապետ Նաջարյանը, Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև վարդապետ Հակոբյանը, Գևորգյան Հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը, Մայր Աթոռի վարչատընտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը և Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան վարդապետ Հակոբյանը:
Նոյեմբերի 5-ին, երեկոյան ժամերգությունից առաջ, Մայր Տաճարում կատարվեց ընծայացուների ուխտադրության կարգը, որի ընթացքում Հայր Սուրբերը երդմնագրեր ստորագրեցին` Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցուն և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին հավատարմության իրենց ուխտը կատարելով:
Պատարագի սրբազան արարողությունը սկսվեց Սբ. Ստեփանոս Նախասարկավագի խորանի վրա, որտեղ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց ընծայացուների հավատքի ուղղափառության քննությունը: Ապագա եպիսկոպոսների արժանավորության մասին Ամենայն Հայոց Հայրապետին վկայեցին դպիրներ, կիսասարկավագներ, սարկավագներ, քահանաներ, եպիսկոպոսներ, ինչպես նաև ժողովուրդը ներկայացնող աշխարհականներ: Որպես առընթերականներ Նորին Սրբությանը սպասավորում էին Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Այնուհետև Սբ. Պատարագը շարունակվեց Միածնաէջ Տաճարի Ավագ Խորանին, որտեղ Նորին Սրբությունը ընծայացու Հայր Սուրբերին եպիսկոպոսության կոչեց և Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու աջ ձեռքերի բութ մատները: Այնուհետև նորաօծ եպիսկոպոսներին Վեհափառ Հայրապետը հանձնեց նաև եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերը` եպիսկոպոսական գավազաններ և մատանիներ, ինչպես նաև Սբ. Ավետարան` ի նշան քարոզչության:
Ձեռնադրությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղեց նորաօծ եպիսկոպոսներին և ներկա հավատավոր ժողովրդին: (…)
ՙՍիրելի բարեպաշտ զավակներ Մեր, Տիրոջ կենարար Հարությունից ավելի քան երկու հազար տարիներ անց` ներկա ժամանակներում, բազում են խնդիրները, որոնք վերաբերում են ոչ միայն քաղաքական, տնտեսական, մշակութային, այլև հոգևոր ասպարեզին: Այսօր, երբ Տիրոջ ողորմությամբ ստվարանում են մեր հոգևորականաց շարքերը, հոգևոր-եկեղեցական կյանքի առաջընթացի համար մեծապես անհրաժեշտ են խոհեմ և բանիմաց, քաջեռանդ և կորովի եպիսկոպոսներ, ովքեր գլխավորելով Եկեղեցու գործունեության տարբեր ասպարեզները` նորանոր հաջողություններ պիտի բերեն հավատավոր մեր ժողովրդին և հավելեն փառքը առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցու: (…)
Դիմելով ձեռնադրյալ վեց եպիսկոպոսներին` Նորին Սրբությունը հորդորեց Տիրոջ լույս օրինակով գործել և ծառայել, հաստատուն պահել իրենց ուխտը և տերունապատվեր առաքելությամբ հավելել իրենց ազգօգուտ ու եկեղեցանվեր գործերն ու վաստակը նորանոր արարումներով և ձեռքբերումներով: (…)
ՙՈղջույնի՚ ընթացքում արարողությանը ներկա բոլոր եկեղեցականները բարձրացան Սուրբ խորան` առնելու նորաօծներից Ողջույնը և շնորհավորելու ձեռնադրության և օծման առիթով: Ս. Պատարագի ավարտին բարեպաշտ ժողովուրդը և հյուրերը ևս իրենց շնորհավորանքներն ու մաղթանքները բերեցին նորաօծ եպիսկոպոսներին:
Ձեռնադրության արարողությանը ներկա էին Վեհափառ Հայրապետի գահակալության 12-ամյակի և ծննդյան 60-ամյակի տոնակատարությունների առիթով Մայր Աթոռ ժամանած Հայոց Եկեղեցու նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներ, աշխարհասփյուռ թեմերի առաջնորդներ և թեմական պատվիրակներ, Մայր Աթոռի միաբաններ, բարերար հայորդիներ, ձեռնադրյալների բարեկամներ և ուխտավորներ:
Առաջիկա օրերին նորաօծ եպիսկոպոսները Մայր Տաճարում կմատուցեն ուխտի պատարագներ: