Նուցի Ակոնց
„Artmark” աճուրդի տունը արվեստի հավաքիչներու համար արժեքավոր ալպոմ մը ներկայացուց «Նուցի Ակոնց», հովանավորությամբ տոքթոր, փրոֆեսոր Հորթենսիու Ալտեա, որ այս տարի Յաշի Ռումանական Գիրքի Միջազգային Սրահի շրջանակին մեջ, որպես Յաշի մասնաճյուղի Կերպարվեստագետներու Միության արվեստի գիրք աշխատությանը մրցանակ շնորհված է: Պուքրեշի Հիլթոն հյուրանոցին մեջ տեղի ունեցած ներկայացման միջոցով, Պուքրեշցի արվեստի սիրահարներուն ևս հասանելի դարձավ ալպոմը, որ ներկայացուց արվեստի քննադատ Ռուքսանտրա Կարոֆեանու:
Գրքի ներկայացումեն հետո, պարոն Հորթենսիու Ալտեա մեզ հայտնեց հետևյալը. «Այս ալպոմը ամենեն ներկայանալի աշխատանքն է իրագործված մինչև օրս այս արվեստագետի կյանքի և ստեղծագործություններու վերաբերյալ: Շատ մոտ եղած եմ արվեստագետի ընտանիքին: Ան մահացավ 1957-ին, իսկ ընտանիքը վերապրեցավ մինչև 1982-1984թթ.-ը: Արվեստագետին քույրը արժանավոր դաշնակահարուհի մըն էր Քլուժի դաշնակի դպրոցին մեջ:
Նուցի Ակոնցը շատ գնահատված և միայնակ արվեստագետ մըն էր, որովհետև ան ձախորդությունը ունեցավ ձեռքեն բաց ձգելու նկարիչ Հենրի Քաթարճիի հետ ամուսնությունը, որուն հետ աշխատած է շուրջ չորս տարի: Ապա հետևեցավ միջպատերազմյան երջանիկ ժամանակաշըրջան մը, Պալչիկի նկարչական դպրոցին մեջ: Հաջողեցա ճանչնալ անտիպ իր աշխատանքները, որ Երկրորդ Համաշխարհային պատերազմի շրջանին ռմբակոծություններու ընթացքին կորսված էին: Խոսքը մոտավորապես 40 աշխատանքներու մասին է: Արվեստագետը շատ պարզ, անպաճույճ և խիստ անձ մըն էր և չէր թույլատրեր աշխատանք մը դուրս հաներ (ուշադրության ներկայացներ) եթե համոզված չըլլար, որ այդ աշխատանքը կներկայացներ իրեն: Հաջողեցա լրացնել 20 աշխատանքներով այս ալպոմը, նկարներով որ մինչ օրս ներկայացված չէին: Այս մենագրության իրագործումը մեծ երախտագիտության ձև մըն է: Այս արվեստագետի պարագային, այն միջոց մըն է վերաիմաստավորելու, կրկին խորհելու այս արվեստագետին արժանիքներու մասին»:
Նուցի Ակոնցը (1894-1957) գեղանըկարչության մեջ կշոշափեր իր նախասիրած բնությունը, անկենդան բնությունը, ծաղիկներ, ներքին բեմերը՝ ըլլալով Պալչիկին համար սովորական բաներ, ուր արվեստագետները կգտնեին իրենց ապաստանը, թաքստոցը XX դարի կեսերուն: