Պետք է սովորեցնել և բարձրանալ առանց ինքնահաստատվելու այլոց հաշվին
«Ի՞նչ դժվար բան է լրագող լինելը: Վերցնում ես գրիչն ու թուղթը և սկսում ես գրել..: Բոլորն էլ կարող են լրագրությամբ զբաղվել», – շատերն այսպես են կարծում լրագրության մասին, սակայն իրականում պատկերը բոլորովին այլ է:
Ներկայացնում ենք լրագրող, հաղորդավար, «Youth for Youth» ռադիոյի գլխավոր խմբագիր Ելենա Չոբանյանի հետ հարցազրույցը, ում «Ararat» ամսագրի ընթերցողները ճանաչում են Բուխարեստ ուղարկած իր թղթակցություններից:
– Ինչպիսի՞ անձ պետք է լինի լրագրողը:
– Նա պետք է լինի մարդ, ով յուրաքանչյուր րոպե տեղեկանա այս արագասլաց աշխարհի անցուդարձին և ստացված տեղեկատվությունը փոխանցի հասարակությանը՝ գրի, խոսքի կամ պատկերի միջոցով: Լրագրողը կապող օղակ է ժողովրդի և իշխանության միջև: Նա փնտրում է, պրպտում, հետքրքրվում, ուսումնասիրում և հարցնում անդադար՝ պահպանելով լրագրողական էթիկան, որոշակի առումով էլ օբյեկտիվությունը, դիվանագիտությունն ու անկեղծությունը: Լրագրողի խոսքը պետք է կշիռ ունենա, ում մեկ բառն անգամ ի վիճակի կլինի փոխելու մարդկանց կյանքը՝ դրական առումով: Լրագրողի պարտականությունների մասին երկար կարելի է խոսել, սակայն ամենից առաջ նա պետք է սիրի իր մասնագիտությունը: Իհարկե, վերոնշյալ պարտականությունները միայն դասական լրագրության մասին են, բայց մեր իրականության մեջ շատ հաճախ դրանք խախտվում են: Ինչ վերաբերում է՝ «բոլորը կարող են լրագրությամբ զբաղվել» կարծիքին, ապա այդքան էլ համամիտ չեմ: Իհարկե, ցանկալի է, որ լրագրողը նեղ մասնագիտացում ունենա, որպեսզի տվյալ բնագավառն ավելի խորությամբ հասկանա և լուսաբան, բայց արհեստավարժ լրագրող լինելն այդքան էլ հեշտ բան չկարծեք, քանի որ լրագրությունն ունի իրեն հատուկ գրելաոճ, տեղեկատվությունը ստանալու և փոխանցելու բազում ժանրեր ու կանոններ:
– Այսօր հեռուստատեսությունում, ռադիոյում և մամուլում կարող ենք հանդիպել ժուռնալիստական կրթություն չստացած անձանց, ովքեր շատ հանգիստ զբաղվում են լրագրողական գործունեությամբ: Դա ինչպե՞ս կբացատրեք:
– Այո, այդպես է: Այդ անձանց մեջ կան նաև մասնագետներ, ովքեր տարիների ընթացքին որակյալ լրագրողներ են դարձել: Այդ հարցում իրենց օգնության են հասել պատմաբանի, բանասերի կամ, ասենք, տնտեսագետի նեղ մասնագիտացումն ու ավելի խորը գիտելիքները:
– Ասում են՝ լրագրությունը հարուստ երկրների համար է: Համամի՞տ եք:
– Ժուռնալիստիկայի հիմնադիր Ուիլբուր Լ. Շրամն այն համոզմանն էր, որ իսկական լրագրություն կարող է գոյություն ունենալ միայն զարգացած պետություններում: Այսինքն՝ որքան զարգացած երկիր, այնքան զարգացած լրագրություն: Չեմ կարող չհամաձայնել այդ տեսանկյունի հետ: Լրագրողը, որքան էլ աշխատի իր վրա և արհեստավարժ լինի, միևնույն է՝ նա ինչ-որ կերպ թելադրվելու է: Այնպես որ, մեկ լրագրողն ի զորու չէ կյանքի որակը փոխելու, սակայն լրատվամիջոցները կամ մի խումբ արհեստավարժ ու համախմբված լրագրողներն՝ այո:
– Այդ դեպքում ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ մասնագիտությունը, որ չկարողանաք պայքարել անարդարության դե՞մ:
– Երկար պատմություն է: Լրագրությամբ սկսեցի զբաղվել շատ ուշ: Ռումինիայում ապրելու և քոլեջում ուսանելու ժամանակ ռումիներեն լեզվի ու գրականության դասախոս Դան Գրըդինառուն ավարտական քննությունների ժամանակ ինձ խորհուրդ տվեց ընդունվել լրագրության ֆակուլտետ, քանի որ մի շարք լեզուների էի տիրապետում: Բայց ուղիղ մեկ տարի անց, երբ նրան հայտնեցի, որ ընդունվել եմ հոգեբանության ֆակուլտետը, խորը հիասթափություն ապրեց: Արի ու տես, որ ճակատագիրն, ի վերջո, իրենն արեց: Բուժական ֆակուլտետում և տարբեր կրթական հաստատություններում սովորելուց հետո, մի օր մտածեցի, որ պետք է ընտրեմ այնպիսի մասնագիտություն, որը կապված կլինի արվեստի, գիտության, քաղաքականության, հեռուստատեսության, մարդկանց, անընդհատ նոր գիտելիքներ ձեռք բերման և փոփոխությունների հետ: Երկար խորհելուց հետո հանկարծ մի պահ բացականչեցի. ԼՐԱԳՐՈՒԹՅՈ՛ՒՆ: Այժմ հասկանում եմ, որ այն հենց ինձ համար է, անգամ եթե լրագրությունը լարված ու պատասխանատու է: Ի դեպ, ձեր հնչեցրած ՝ «անարդարություն» բառը ցնցող էր: Դրա դեմ հնարավոր չէ պայքարել, քանի որ հորինված բառ է, այլ ընդամենը հավասարակշռել:
– Լրագրողի գործնեության ճանապարհին ձեզ խորհուրդ տվողներ կամ աջակցողներ եղե՞լ են:
– Խորհուրդ տվողներ… ընդամենը մեկ-երկու անձինք: Հաղորդավարական ստուդիաներում սովորելու ժամանակ ուսուցիչներիցս մեկն ասում էր. «Ելենա, հիշիր, որ հեռուստատեսության և լրագրության բնագավառում ամեն հարվածի պետք է սպասես, հատկապես հեռուստատեսության մեջ: Չէ՞ որ այստեղ մարդիկ արագ ճանաչում են ձեռք բերում»: Այնպես որ, եթե ուզում ես հաջողությունների հասնել, ուրեմն ստիպված ես անցնել այդ ամենի միջով: Իրականում, այդ խոսքերն ինձ ուժ են տալիս: Ուժ է տալիս նաև սեփական կամքը, որն ամեն րոպե շշնջում է. «Նրանք, ովքեր այսօր կասկածում են քո ընդունակություններին, քո վաղվա արդյունքներն են լինելու նրանց դիմաց պատասխանը: Համբերատար եղիր և անվերջ աշխատիր վրադ»:
– Բայց ձեզ օգնել են հեռուստատեսության ոլորտում կայանալու հարցում:
– Ոչ ոք: Տարիների ջանքերի, աշխատանքի, արցունքների և հիասթափությունների միջով անցնելու, առանց խնամի-ծանոթ-բարեկամ բանաձևի, անսպառ համառության և ձեռք բերովի աներեսության շնորհիվ եմ հասել նրան, ինչին հասել եմ այսօր: Թեպետ, ինքնաբավ չեմ և դեռ շատ անելիքներ կան: Պարզապես շատ կցանկանայի, որպեսզի հայրս՝ նախկին Հայ-ֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր և դիրեկտոր Գևորգ Չոբանյանը տեսներ սեփական դստեր բարձրացած յուրաքանչյուր «սանդուխքը»:
– Ի՞նչ դժվարությունների է բախվում հեռուստալրագրողն առհասարակ:
– Իհարկե, այս բնագավառում, ինչպես նաև այլ բնագավառներում, բարդությունները շատ են: Սկսենք նրանից, որ արհեստավարժ ու բանիմաց մասնագետներից զատ, որակյալ հաղորդումներ, ֆիլմեր ստեղծելու համար՝ բարձրորակ և ժամանակակից տեխնիկա և սարքեր են անհրաժեշտ: Այլապես կհամարվես նահանջող լրատվամիջոց: Իսկ այդ ամենը ձեռք բերելու համար մեծ ֆինանսներ, պայծառ ստեղծագործական գաղափարներ, անսահման աշխատասիրություն և միասնական ցանկություն է անհրաժեշտ: Երկրորդ՝ եթե սահմանափակվեցիր համացանցում եղած տեղեկատվությամբ, ապա որպես լրագրող կդադարես գոյություն ունենալ: Թերևս, միակ թևաթափող կողմն այն է, երբ հասկանում ես, որ աշխատանքդ չի գնահատվում կամ չկան այն մարդիկ, ումից կարող ես շատ ավելին սովորել: Սովորեցնելու դեպքում էլ սովորեցնեն՝ առանց քո հաշվին ինքնահաստատվելու: Ինչպես ասում էր ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերին իր «Աղոթք» աշխատությունում.«Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով»: Եվս մեկ կարևոր բան. շատ խոսելու փոխարեն, գործել է հարկավոր:
– Ուրիշ ինչ է հարկավո՞ր:
– Զարգացում ու անվերջ կատարելագործում: Կրթությանը ծառայեցնելով՝ բարձրացնել հանրությանը, եթե իհարկե չենք ցանկանում հնձել այն անորակ պտուղի բերքը, որը ցանել ենք մեր իսկ ձեռքերով: Բայց ամենից կարևորը միայն առողջությունն է, ինչը կօգնի այս հիասքանչ ու հետաքրքիր «ճանապարհորդությունը» թեթև, բարի ու դրական անցնել, ապրել այստեղ ու հիմա: