Տղամարդը կարող է լինել խնամված, բայց ոչ շպարված

 

Շպարվում են ոչ միայն ժամանակակից կանայք, այլև շպարվել են դեռևս Հին Եգիպտոսում՝ մ.թ.ա. 5-րդ դարից, կամ… գուցեև ավելի վաղ: Մեր օրեր հասած եգիպտական քանդակները՝ կոսմետիկական բազմաթիվ հնարքների վառ ապացույցն են: Այդ հարցում Կլեոպատրան (մ.թ.ա. 69–30), օրինակ՝ ով սեփական մաշկը փափկեցնելու և սպիտակեցնելու նպատակով սպիտակ կավ, ավանակի կաթ և անուշահոտ յուղեր էր կիրառում, իր ժողովածույի էջերում նկարագրում էր դիմահարդարման բազմաթիվ բաղադրատոմսեր,  գեղեցկանալու և բուժելու հնարքներ: Հին եգիպտացիները վստահ էին, որ աչքերն ընդգծելու՝ ֆիլմերից հայտնի սև գույնը ոչ միայն խորհրդայնություն էր հաղորդում, այլ նաև մարդու աչքերը պաշտպանում էր լույսից: Դե, իսկ այսօրվա «գլամուրային» կեղծ թարթիչները, հաստ հոնքերն ու այտոսկրերի կարմրաներկերը 21-րդ դարի նորագործություններ չեն: Դրանք Հին եգիպտացիների ձեռքի գործն են:

«Նորանոր հմտություններ, և ոչ թե գաղտնիքներ, կարելի է սովորել և մոգոնել անընդհատ՝ ամենօրյա աշխատանքի ժամանակ: Կան շատ տարբեր տեխնիկաներ, որոնք շտկում են բազում խնդիրներ, թե՛ կնճիռների, թե՛ կարմիր մաշկի և պիգմենտների հետ կապված: Դիմահարդարման միջոցով կանայք ոչ միայն գեղեցկանում են՝ մաշկի և դիմագծի թերությունները շտկելով, այլ նաև մաշկը խնամում: Օրինակ՝ վիզուալ կոնտուրինգի օգնությամբ կլորավուն դեմքը կարող է դառնալ նեղ ու ընդգծված», – «Արարատ» ամսագրի հետ զրույցում ասել է «Beauty Fabric» ստուդիայում ուսանած և հիմնադիր Աշխեն Կոստանդյանի սեմինարներին մասնակցած դիմահարդար Ալինա Ղարիբյանը:

 – Երաժիշտների մեծ մասը երազում է մեծ բեմերում ելույթներ ունենալու և համաշխարհային արտիստների հետ համագործակցելու մասին: Ո՞րն է Ալինա Ղարիբյան դիմահարդարի մասնագիտական ամենամեծ երազանքը:

– Իմ առաջին մասնագիտությունը հաշվապահությունն է եղել, սակայն դեռ տարիներ առաջ դիմահարդարում էի հարազատ մարդկանց՝ առանց որևէ տեղ սովորելու կամ վերապատրաստվելու: Շատ էի սիրում դիմահարդարել և ստեղծագործել: Երբ զգացի, որ շատերը աշխատանքս դրական են գնահատում, որոշեցի վերջապես խորացնել սիրված գործը և, այո, ունեմ մեկ նպատակ. սեփական ստուդիա հիմնել:

 – Վստահ եմ՝ այն մի գեղեցիկ օր կիրագործվի: Ինչպե՞ս կգնահատեիր այսօրվա ՀՀ դիմահարդարների մակարդակը:

– Հայ ժամանակակից դիմահարդարների աշխատանքը դրական եմ գնահատում: Ամեն օր ավելանում են գեղեցիկ կերտողներ և արհեստավարժներ: Ճիշտ է՝ նրանցից մի մասն առաջ է գնում, մյուս մասն էլ հասկանում է, որ դա իրենը չէ: Արդյունքում, մրցունակ ասպարեզում մնում են աշխատասեր ու ստեղծարար դիմահարդարները: Հայերս միշտ լավագույնն ենք դառնում՝ ոչ միայն դիմահարդարման, այլ նաև յուրաքանչյուր ասպարեզում:

 – Տղամարդկանց և՞ս խրախուսվում է դիմել դիմահարդարման օգնությանը, թե՞ դա ավելի շատ ֆեմինիստների գործիք է և դիմահարդարումն, ի սկզբանե, ստեղծվել է կանանց համար:   

– Բնականաբար, դիմահարդարումն ավելի շատ կանանց համար է նախատեսված, բայց կան ասպարեզներ, օրինակ՝ դերասանական, երգարվեստ և այլն, որտեղ նույնպես դիմահարդարման անհրաժեշտություն է զգացվում: Մնացած պարագաներում, անձամբ ես չեմ ընդունում տղմարդկանց դիմահարդարման հանգամանքը: Պատկերացրեք, եթե տղամարդն ամեն օր շպարվի և դուրս գա տանից՝ ինչ կստացվի: Այդուհանդերձ, խնամք պետք է յուրաքանչյուր մարդուն: Տղամարդը ևս կարող է լինել խնամված, բայց ոչ՝ շպարված:

Ելենա Չոբանյան

 

 

 

 

 

 

 

 

Posted by on Jan 17 2019. Filed under Culture, News. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response or trackback to this entry

Leave a Reply

Log in | Designed by Gabfire themes